News

GIF. Արհեստական բանականությունը կփոխարինի՞ աշխատուժին

Արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց կանխատեսվում է, որ այն մարդկանցից «կխլի» աշխատատեղեր, կփոխարինի աշխատուժին: Գալիք 5-10 տարվա կտրվածքով ակնկալվում է 80 մլն աշխատատեղի կրճատում, սակայն նաև 100-110 մլն նոր աշխատատեղերի ստեղծում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 6-ին Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի (GIF) շրջանակում պանելային քննարկմանը մասնագետներն անդրադարձան այս հարցին:

«Երբ խոսվում է հեղափոխական տեխնոլոգիաների՝ արհեստական բանականության մասին, մարդիկ վախով մտածում են, թե ինչ է լինելու իրենց աշխատանքի հետ, արդյոք կկորցնե՞ն այն: Պետք չէ վախենալ արհեստական բանականությունից, քանի որ կան բազմաթիվ հետազոտություններ, որ գալիք տարիների ընթացքում ավելի մեծ թվով աշխատատեղեր ստեղծվելու են, քան փակվելու»,-ասաց պանելային քննարկման մոդերատոր, CNN-ից Լարա Ֆարրարը:

Նա նշեց՝ գալիք 5-10 տարվա կտրվածքով ակնկալվում է 100-110 մլն նոր աշխատատեղերի ստեղծում, նաև 80 մլն աշխատատեղի կրճատում:

BlulP-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ արհեստական բանականությունը պետք է որոշակի կերպով խթանի մարդկային հարաբերությունները: «Մենք չենք ուզում փոխարինել մարդուն և արհեստական բանականության միջոցով անել այն, ինչ մարդն է անում, բայց փորձում ենք արհեստական բանականության միջոցով մարդու համար ապահովել այն շփումը, որն ինքը ստանում է սովորական մահկանացուների հետ շփվելով»,-ասաց Մարտիրոսյանը:

Նա նաև նշեց, որ համավարակը բացահայտել է որոշակի խնդիրներ, որոնք հյուրանոցները, ծառայությունների ոլորտն ունեն: Մարտիրոսյանի խոսքով՝ հյուրանոցային ցանցերի 80 տոկոսը նշել են, որ մարդկային ռեսուրսն իրենց ամենալուրջ խնդիրն է, համավարակի ընթացքում նաև ստիպված են եղել կրճատել իրենց աշխատուժը: «Դրանից առաջ ոչ ոք չէր մտածում, որ կարելի է օգտագործել պատասխանող մեքենա, որոնք հնարավորություն կտան արագ պատասխանել մարդուն, որոնք զանգում են, փորձում ամրագրում կատարել կամ ինչ-որ հարցեր ունեն: Հիմա դա շատ կարևոր է դարձել»,-ասաց նա:

Մարտիրոսյանը, սակայն, օրինակ բերեց՝ հյուրանոցում արհեստական բանականությունը սկսել է պատասխանել բոլոր զանգերին, կատարել ամրագրումները, սակայն, օրինակ, երբ  հարցրել են՝ կարո՞ղ են սենյակ ամրագրելիս շանն էլ բերել իրենց հետ, անհրաժեշտություն է առաջացել որոշում կայացնել, որ հիմնված պետք է լիներ որոշակի արժեհամակարգի վրա, որին հետևում է հյուրանոցը: Այս դեպքում նաև կարևորեց, որ այդ զանգերին պատասխանեն մարդիկ:

«Կարծում  եմ՝ գալիք 5 տարվա ընթացքում արհեստական բանականությունը և ավտոմատացումը դառնալու են համատարած երևույթ»,-ասաց Synergy-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը:

Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանն էլ հավելեց՝ արդեն եկել է ժամանակը՝ ավտոմատացնելու այն ոլորտները և բնագավառները, որոնք շատ դանդաղ են ենթարկվում ավտոմատացման:

Նա կարծում է, որ արհեստական բանականությունը ծառայությունների ոլորտում կարող է փոխարինել մարդուն, սակայն ստեղծագործական աշխատանքի դեպքում, ինչպիսին օրինակ գրաֆիկական դիզայնն է, դժվար կլինի: Մինասյանը չի կարծում, թե առաջիկա 5 տարում բոլոր աշխատատեղերը կավտոմատացվեն, բայց այն համոզմանն է, որ 50-100 տարվա ընթացքում, միգուցե, հնարավոր կլինի հասնել նրան, որ աշխատանքի մեծ մասը լինի ավտոմատացված:

Share