Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտնում է, որ օրերս հետաձգված DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2023 թվականի մարտի 10-ից 12-ը։
«Հետաձգումը չի ենթադրում հաջորդ տարվա միջոցառման չեղարկում։ Մենք պլանավորել և նախատեսում ենք գալիք տարվա աշնանը բնականոն կերպով իրականացնել նաև DigiTec 2023 միջոցառումը։ Մեր ցանկությունն է Հայաստանում ԲՏ ոլորտի ընկերությունների և աշխատակիցների առավելագույն մասնակցությունը երկրի համար կարևոր նշանակություն ունեցող գործընթացներում, ինչպես նաև կազմակերպությունների կայունությունը և զարգացումը, որպեսզի մեր առջև դրված մարտահրավերները կարողանանք հաղթահարել», – հետաձգման առիթով նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
Կազմակերպիչները հայտնում են, որ մարտին DigiTec Summit 2022-ը կանցկացվի հետևյալ խորագրով՝ «Ինչպե՞ս են տեխնոլոգիաները նպաստում ժողովրդավարության դիմակայունությանն անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում»/ “What role does tech play in helping democracies become more resilient in an increasingly unstable world?”։
«DigiTec 2022-ը կհետազոտի առողջ թեք ոլորտի, աճի և ժողովրդավարական զարգացման անվտանգ հարթակների միջև փոխկապվածությունը։ Թեման տեսակետների բազմազանությամբ կներկայացնեն խոսնակներ Հայաստանից, Էստոնիայից, Իսրայելից, Լիտվայից, Սինգապուրից, Թայվանից և այլ երկրներից», – նշեց վեհաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը։
Հիշեցնենք, որ DigiTec Expo ամենամյա ցուցահանդեսն ԱՏՁՄ կողմից կազմակերպվում է 2005 թվականից ի վեր: Յուրաքանչյուր տարի այնտեղ ցուցադրվում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու զարգացման ներուժը: DigiTec 2022 ցուցահանդեսում այս տարի ներգրավված են 125 տեղական և արտասահմանյան ընկերություններ։ 2021 թվականից ի վեր ցուցահանդեսին զուգահեռ տեղի է ունենում DigiTec Summit, որը Երևանում է համախմբում բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներին։
Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ)։ Հովանավորներ՝ Fastex, Sada, Team Telecom Armenia, AMD, Giz EU4Business, Sensyan LLC։ Գործընկերներ` VEXPO, HackTech, P-Art, InfoCom, Lratvakan radio 106.5, RTVI։