Դեկտեմբեր, 2022
December 2022
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
«Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցի բացում և տեխնոլոգիական ցուցահանդես Արցախում
News 14/11/2022 15:33

Նոյեմբերի 12-ին Արցախի Մարտակերտ քաղաքում բացվեց 12-րդ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), Ֆրանսիայի Սարսել քաղաքի և Սարսելի հայկական մշակութային միության ջանքերով։

Ներկա էին Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, փոխնախարարներ, ԱՏՁՄ ներկայացուցիչներ, այլ հյուրեր։

Մեկ օր անց՝ նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի Ֆրանկոֆոնիայի կենտրոնում՝ ԱՏՁՄ-ի, Արցախի կառավարության, «Համազգային հայ կրթական և մշակութային Արցախ» կենտրոնի, «Արցախին օգնության մարմին» հիմնադրամի և Արցախի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի համագործակցությամբ տեղի ունեցավ Արցախի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների մարզային ցուցահանդեսը, որին մասնակցեցին Արցախի 24 «Արմաթ» աշխատանոցներ։ Բացմանը ներկա էին Արտակ Բեգլարյանը, Հայկ Չոբանյանը, Արցախի տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ԱՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր։ Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին արմաթցիների՝ եռաչափ տպիչով և փայտամշակման հաստոցով պատրաստված աշխատանքները, «Աղուես» ու «Կրիայ» ծրագրերով ստեղծված խաղերը և մի շարք ավտոմատացված և խելացի համակարգեր։

Ցուցահանդեսին զուգահեռ տեղի ունեցավ սև գծին հետևող ռոբոտների մրցույթը, որտեղ հաղթող ճանաչվեց Ասկերանի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը։ Մրցանակային տեղեր զբաղեցրեցին նաև Սոսի և Նորշենի միջնակարգ դպրոցների «Արմաթ» աշխատանոցները։

Նշենք, որ այս պահին Արցախում գործում են 24 «Արմաթ» ճարտարագիտական և 2 «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցներ։ «Արմաթ»-ում 10-18 տարեկան աշակերտները ստանում են անվճար ճարտարագիտական կրթություն և վաղ հասակից ինքնադրսևորվում են ծրագրավորման, եռաչափ մոդելավորման և ռոբոտաշինության ոլորտներում։ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցներում 14-18 տարեկան պատանիները հնարավորություն են ունենում ստանալ անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնել դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։ «Արմաթ» ազգային ծրագիրն այժմ գործում է ավելի քան 630 աշխատանոցներում և կրթում մոտ 17.000 սաների։