«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-11-ը կանցկացվի կիբեռանվտանգության «Capture the Flag» 2022թ-ի ամենամյա մրցույթը, որը նպատակ ունի կրթական վարժությունների և առաջադրանքների միջոցով իրականացնել և արձագանքել իրական կյանքում հնարավոր կիբեռհարձակումների։
Հաքերային մրցույթին այս տարի մասնակցելու են 90 մասնագետներից բաղկացած 20-ից ավելի թիմեր, որոնք 24 ժամերի ընթացքում կմրցեն միմյանց հետ՝ ցուցադրելով իրենց հաքերային հմտությունները։ Մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է գտնեն խոցելիություններ, հետազոտեն վիրուսներ և վնասակար այլ ծրագրեր և հաղթահարեն զանազան խնդիրներ, որոնք ծագում են կիբեռանվտանգության ոլորտում։
Մրցույթն անցկացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարություն աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող «Սայհաբ Հայաստան/CyHub Armenia» նախաձեռնության շրջանակում։ Միջոցառման գործընկերներն են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, Իլուրիա Սեքյուրիթին, Հեքսենսը:
Մրցույթը կմեկնարկի դեկտեմբերի 10-ին՝ 15:00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում՝ Տերյան 105, Պոլիտեխնիկի №10 մասնաշենք, 6-րդ հարկ: