«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Սայհաբ Հայաստան/Cyhub Armenia» նախաձեռնության կողմից դեկտեմբերի 10-ից 11-ը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում անցկացվեց կիբեռանվտանգության «Capture the Flag» 2022թ-ի ամենամյա մրցույթը։
20-ից ավելի թիմեր 24 ժամերի ընթացքում մրցեցին միմյանց հետ, գտան բազմապիսի խոցելիություններ, հետազոտեցին վիրուսներ և վնասակար այլ ծրագրեր և հաղթահարեցին այլ խնդիրներ, որոնք ծագում են կիբեռանվտանգության ոլորտում։
«Ավանդույթը չխախտելով՝ այս տարին ևս եզրափակում ենք «Capture the Flag» կիբեռանվտանության մրցույթով, որը բաց էր բոլոր հետաքրքրված մասնագետների համար։ Տարեցտարի այս մրցույթը դառնում է կիբեռանվանգության մասնագետների սպասված միջոցառումը, և արդեն այս տարի ունեինք 90-ից ավել սպիտակ գլխարկով հաքերներ, ովքեր մասնակցեցին մրցույթին՝ ցուցադրելով իրենց հաքերային հմտությունները», – նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Սայհաբ Հայաստան/Cyhub Armenia» ծրագրի ղեկավար Մարի Բարսեղյանը։
«Sahnackers» թիմը, հավաքելով ամենաշատ «դրոշները», դարձավ մրցույթի հաղթող, իսկ «Webb Fontaine» ու «BearAnonymuous» թիմերը զբաղեցրեցին, համապատասխանաբար՝ 2-րդ և 3-րդ տեղերը:
Մրցույթն անցկացվում էր Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարություն աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող CyHub Armenia նախաձեռնության շրջանակում։ Միջոցառման գործընկերներն էին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, Իլուրիա Սեքյուրիթին և Հեքսենսը։