Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկում է ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 66 կողմ ձայն:
Օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ: Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ նախատեսելով, որ հավաստագրերի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2023 թ դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2015 թվականից մինչև այս տարվա նոյեմբերի 8-ը հարկային արտոնություն է ստացել 2304 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն: