News

«1991 ստորաբաժանման» կրթական և գիտահետազոտական ծրագրի կազմակերպումը կշարունակի ՀՀ Պաշտպանության նախարարությունը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) և ՀՀ Պաշտպանության նախարարությունը (ՀՀ ՊՆ) համագործակցում են դեռևս 2018 թվականից՝ գիտության և տեխնոլոգիաների նորագույն ուղղությունները ՀՀ Զինված ուժերում ներդնելու համար։ Այդ նպատակով, 2019 թվականին FAST  հիմնադրամի կողմից իրականացվեց «Արհեստական բանականություն և տվյալագիտություն» 4-ամսյա պիլոտային դասընթացը ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանումներից մեկի համար։ Դասընթացը հաջողությամբ կազմակերպելուց և իրականացնելու հետո, 2019 թվականի սեպտեմբերին FAST հիմնադրամի  և ՀՀ ՊՆ-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի ՀՀ ՊՆ-ն ստեղծում է  «1991 ստորաբաժանումը» Զինված ուժերի կազմում, իսկ FAST հիմնադրամն աջակցում է կրթական բաղադրիչի՝ այդ թվում նախապատրաստական դասընթացների և գիտահետազոտական նախագծերի իրականացմանը։ Համագործակցությունը ձևավորվել է ի վերջո ՀՀ ԶՈւ համակարգի ներսում շարունակականություն ապահովելու տեսլականով։ FAST հիմնադրամը` ամփոփելով ու բարձր գնահատելով վերջին 5 տարիների ՊՆ-ի հետ կատարված աշխատանքը և ձեռք բերված արդյունքները, գտնում է, որ մշակված և իրականացված «1991 ստորաբաժանում» ծրագիրը հասունացել է այնքան, որ կարող է հաջողությամբ շարունակել իր ամբողջական և անխափան գործունեությունը ՀՀ ՊՆ-ի կազմում։

«1991 ստորաբաժանման» գերնպատակն է դառնալ հարթակ Հայաստանի ռազմական ոլորտի խթանմանն ուղղված մտավոր ներուժի մոնիտորինգի և կարողությունների զարգացման, գիտահետազոտական նախագծերի իրականացման, դրանց արդյունքների՝ ՀՀ ՊՆ ամենօրյա գործառույթներում ինտեգրելու համար՝  այդպիսով ապահովելով ՀՀ Զինված ուժերի տեխնոլոգիական գերակայությունը։

Հուշագրի ստորագրմանը անմիջապես հաջորդեց «Արհեստական բանականություն և տվյալագիտություն» նախապատրաստական դասընթացի կազմակերպչական աշխատանքները, որի շրջանակներում 2020 թվականի փետրվարին ձևավորվեց առաջին խումբը։ Դասընթացի մասնակիցները ուսումը հաջողությամբ ավարտելուց հետո հնարավորություն ունեն իրենց գիտելիքները կիրառել ՀՀ զինված ուժերում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում միանալով «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբին: «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի առաջին ընդունելությունը կազմակերպվել է 2020 թվականի օգոստոսին։

Մինչ այժմ կազմակերպված և հաջողությամբ իրականացված վեց նախապատրաստական դասընթացներին դիմած ավելի քան 2300 դիմորդներից ընտրվել են 530 մասնակցիցներ, որոնք ստացել են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև աշխատել են 23 բազմաբնույթ նախագծերի վրա: Բացի այդ, ծրագրի բնականոն գործունեությունը ապահովելու համար FAST հիմնադրամի ջանքերով և Gateway Industry Inc կազմակերպության ֆինանսական աջակցությամբ հիմնադրվել են Սիս և Մասիս Արհեստական Բանականության լաբորատորիաները, որոնք ծառայում են ինչպես նախապատրաստական դասընթացներին, այնպես էլ «1991 ստորաբաժանում»-ում իրականացվող գիտահետազոտական նախագծերին։

«1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական բաղադրիչների կողմնակի, բայց ոչ պակաս կարևոր արդյունքներից է նաև այն, որ այն մասնակիցները, ովքեր դասընթացի ավարտին չեն զորակոչվում ՀՀ Զինված Ուժեր, ստացած նոր մասնագիտական գիտելիքների շնորհիվ շարունակում են իրենց ուղղակի և անուղղակի դրական ազդեցությունը ունենալ ի նպաստ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և տնտեսության։

FAST հիմնադրամը վստահ է, որ «1991 ստորաբաժանում» ծրագիրը շարունակելու է իր ներդրումն ունենալ ՀՀ Զինված ուժերի տեխնոլոգիական վերազինման գործում՝ առանցքային դեր հատկացնելով գիտության և տեխնոլոգիաների առաջատար ուղղությունների ներդրմանը ՀՀ Զինված ուժերում։

Share