Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴիջիԹեք 2022. Երևանը պատրաստվում է տարածաշրջանի ամենածավալուն տեխնոլոգիական միջոցառմանը
News 16/02/2023 15:13

Մարտի 10-12 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենան տարածաշրջանի ամենածավալուն տեխնոլոգիական «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսը և նույնանուն համաժողովը։  

«Լինելով խոշորագույն ոլորտային միությունը՝ ԱՏՁՄ-ն հավակնում է կազմակերպել նաև խոշորագույն ծրագրերը։ ԴիջիԹեքն ավանդաբար կներկայացնի տարածաշրջանի տեխնոլոգիական միտումներն ու կամփոփի լավագույն ձեռքբերումները։ Համաժողովին սպասում ենք միջազգային տեխնոլոգիական առաջատար մասնագետների։ Մարտը թեժ է լինելու», – նշեց ԱՏՁՄ նախագահ Ալեքանդր Եսայանը։

ԴիջիԹեք ցուցահանդեսին այս տարի մասնակցում է շուրջ 120 տեղական և միջազգային, փորձառու և սկսնակ ընկերություններ, սպասվում են 60000-ից ավել այցելուներ։ Ցուցահանդեսն այցելուների համար ավանդաբար անվճար է։ Այս տարի գործարկվելու է ոչ պարտադիր առցանց գրանցում։ Գրանցվողներին սպասում են անակնկալներ։ 

«Ցուցահանդեսն առանձնանալու է իր ծավալով՝ ընդգրկելով ամբողջ մարզահամերգային համալիրը։ Լինելու են հստակ գոտիներ՝ հովանավորների հատված, ցուցահանդեսի բուն տարածք, ստարտափեր, կրթական կազմակերպություններ եւ նախագծեր, կանաչ տեխնոլոգիաների գոտի։ Առկա են լինելու նաև ժամանցի գոտիներ այցելուների և մասնակիցների համար, նեթվորքինգի ու աշխատանքի համար նախատեսված հատվածներ։ Սպասում ենք ծանրակշիռ միջազգային մասնակցություն։ «ԴիջիԹեքին» կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգը։ Արվել է ամեն ինչ, որ այդ օրերին Մարզահամերգային համալիրը դառնա հայկական տեխնոհամայնքի հավաքատեղի», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ 

ԴիջիԹեք համաժողովը բաղկացած կլինի մի շարք պանելային քննարկումներից  և կառանձնանա առաջատար ձեռնարկատերերի, ղեկավարների և հետազոտողների, ինչպես նաև ակադեմիական շրջանակների մասնակցությամբ ու որակյալ փորձի փոխանակմամբ։ Խոսնակների թվում են Ռազմիկ Հովակիմյանը (Graph Ventures), Սուվի Լինդենը (Ֆինլանդիայի Տրանսպորտի և կապի նախկին նախարար), Նիր Չինսկին (Գուգլ քլաուդի տարածաշրջանային տնօրեն), Պիեր Հեննեսը (Granatus Ventures), Դավիթ Բաղդասարյանը (Krisp), Անու Նուրման (Էստոնական հետազոտական խորհուրդ), Թոնի Սաֆոյանը (SADA Systems), Անդրեյ Զդրավկովիչը (AMD) և մի շարք այլ ոլորտային առաջատարներ։

«ԴիջիԹեք 2022» համաժողովի քննարկումների խորագիրն է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»։  

«Սկսած WCIT2019-ից, ԱՏՁՄ-ն հստակ նպատակ է ստանձնել՝ վերածելու ԴիջիԹեք համաժողովը Հայաստանում տեղի ունեցող միջազգային թեք կոնֆերանսի։ Ուրախ ենք արձանագրել, որ «ԴիջիԹեք 2022»-ը շարունակում է հավատարիմ մնալ այդ խոստմանը ինչպես իր գլոբալ կարևորություն ներկայացնող բովանդակությամբ, այնպես էլ տասից ավելի երկրներ ու մի քանի աշխարհամասեր ներկայացնող խոսնակներով», – նշեց համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը։ 

Նշենք, որ համաժողովի տոմսերը կարող եք ձեռք բերել «ԴիջիԹեք 2022»-ի պաշտոնական կայքում։ Ուսանողների համար մուտքն անվճար է՝ մինչև փետրվարի 26-ը գրանցվելու դեպքում։ Օրակարգի և խոսնակների ցուցակի թարմացումներին կարող եք մշտապես ծանոթանալ պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում։