Categories: News

Մեկնարկել է Digitec տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին մասնակցում է 120 ընկերություն

Մարտի 10-12 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի Digitec ամենամյա ցուցահանդեսը։ Այս տարի այն անցկացվում է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում» խորագրով:

Ընդհանուր առմամբ՝ մասնակցում է շուրջ 30 խոսնակ 9 երկրից, 2000 գրանցված այցելու և 120 ընկերություն։

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ «Դիջիթեք»-ն այս տարի ամենամեծն է իր պատմության մեջ։

«ԱՏՁՄ-ի հավակնությունները մեծ են։ Միությունը՝ ընկերություններն ու ընդհանարապես տեխնոլոգիական ոլորտը, կարծում ենք, պետք է մի քանի անգամ բազմապատկենք։ Մեր միություն համար առաջնահերթություն է կրթությունը։ Եթե նայեք տաղավարներին, կտեսնեք, որ շատ կրթական նախագծեր կան՝ Արմաթը, Թումոն, նաև կրթական սկսնակ ընկերություններ: Մենք հավատում ենք, որ կրթությունը մեր ապագան է։ Շատ ուրախ ենք, որ այս տարի ակտիվություն ենք նկատում և «Դիջիթեք»-ին մեր ընկերությունները կարողանում են իրենց ստեղծածը ներկայացնել աշխարհին և փորձելու ենք տարածել համաշխարհային մեդիաներով»,- ասաց Եսայանը։

Համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանի խոսքով՝ այս տարի «ԴիջիԹեք»-ը հայտարարել է առաջին «ԴիջիԹեք» վենչուրային կապիտալի արագ հանդիպումների փուլի մասին, որը տեղի կունենա մարտի 11-ի առավոտյան։ Full Network Pass տոմսերով ստարտափ հիմնադիրներն ու գործադիր տնօրենները կունենան հնարավորություն գրանցվելու 15-րոպեանոց «pitch սեսիաների» միջոցառման մասնակից 5 վենչուրային կապիտալներից մեկի հետ։

«Փորձում ենք ավելի միջազգայնացնել այս համաժողովը։ Խոսնակների զգալի մասն առաջին անգամ է Հայաստանում և իրենք հիմա հանդիպում են տեղական ընկերությունների, ուսանողների, մեր գիտական ինստիտուտների հետ և ակնկալում ենք, որ այդ կապերը օրեցօր նոր նվաճումներ կբերեն»,- ասաց Քասարջյանը։

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինի խոսքով՝ նկատելի է Հայաստանի աճող ՏՏ ոլորտի էկոհամակարգը և գիտական ոլորտը։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է խթանել ու աջակցել նորարարություններին բիզնես գործընթացներում։

«Կցանկանամ ընդգծել, որ պատշաճ քաղաքականությունը կարևոր դեր է տանում գիտության տեխնոլոգիաների և նորարարության տիրույթում։ Հպարտ ենք, որ այս տարի ի վիճակի ենք աջակցելու Հայաստանին այն ջանքերում, որոնք միտված են կրթության ռազմավարության մշակմանը, որպեսզի կրթությունը լինի բաց, հասանելի բոլորի համար և ստեղծի այս երկրի ապագան։ Տեխնոլոգիաները պետք է դարձնենք հզոր և արդյունավետ՝ երկրի զարգացմանը ծառայեցնելու համար»,-եզրափակեց դեսպանը։

Համաժողովին մասնակցում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիենը, ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը, Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիր և ղեկավարող գործընկեր Հենրի Արսլանյանը, Activeloop ընկերության հիմնադիր Դավիթ Բունիաթյանը, Acrobator Ventures ընկերության համահիմնադիր և գլխավոր գործընկեր Ջոակիմ Լակյորը և այլք։

ԴիջիԹեք համաժողովն այս տարի բաղկացած կլինի մի շարք պանելային քննարկումներից և կառանձնանա առաջատար ձեռնարկատերերի, ղեկավարների ու հետազոտողների, ինչպես նաև ակադեմիական շրջանակների մասնակցությամբ ու որակյալ փորձի փոխանակմամբ։

Share