Մարտի 10-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հրապարակեց ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի ճարտարապետական նախագիծը:
ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) էկոհամակարգ է Երևանում, որը կենտրոնացած է նորարարությունների խթանման վրա: Համալիրը միավորում է կրթությունն ու արդյունաբերությունը` կամրջելով Հայաստանը աշխարհին։ Հոլանդական հռչակավոր MVRDV ճարտարապետական ստուդիայի կողմից նախագծված շինությունը նորարարական հորիզոնական երկնաքեր է։ Հրազդանի կիրճի եզրին գտնվող շենքն ունի 6 հարկ և 200 մետր երկարություն. այն զբաղեցնելու է շուրջ 17 000 ք.մ. մակերես: Համալիրը բաղկացած է 300-ից ավելի մոդուլային տարածքներից, որոնք պարուրվում են հսկայական սրահի շուրջ՝ ստեղծելով յուրահատուկ էկոհամակարգ: Այն շենք է՝ շենքի ներսում․ էներգաարդյունավետ լուծում, որը միախառնում է փակ տարածքը բացօթյայի հետ: Շենքի նախագիծը ներկայացված է ԵՄ Թումո համալիրի տաղավարում DigiTec Expo-ի շրջանակներում:
«ԵՄ Թումո համալիրի նպատակն է կառուցել կայուն էկոհամակարգ, որը կխթանի Հայաստանում բարձր տեխնոլոգիաների, ինժեներության և կիրառական գիտությունների զարգացմանը։ Մեզ անհրաժեշտ է լրացնել ակադեմիայի և արդյունաբերության միջև եղած բացը։ Մեզ նաև պետք է ուսանողներին և երիտասարդ մասնագետներին տալ գործնական ուսուցում, որը նրանց կմոտիվացնի սկսել նոր ձեռնարկություններ և հզորացնել ու նոր մակարդակի հասցնել արդեն գործողները», նշեց Բեկոր Փափազյանը՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Զարգացման գծով տնօրենը։
Կենտրոնում կգործի իրար լրացնող երեք բաղադրիչ.
Կրթական և հետազոտական ծրագրեր. Թումո լաբերը կրթական անվճար հարթակ է, որտեղ ուսանողները և երիտասարդ մասնագետները, համագործակցելով տեղական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև համալսարանների հետ, աշխատում են գիտահետազոտական նախագծերի վրա:
Կոնֆերանս և ցուցահանդեսային դահլիճներ. Կենտրոնում կգործեն նաև կոնֆերանս դահլիճներ, միջոցառումների հարթակներ, coworking և ուսումնական տարածքներ՝ ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների բազմազան կարիքները հոգալու համար: Այս տարածքներում կանցկացվեն լայնածավալ միջոցառումներ, ցուցահանդեսներ և համաժողովներ:
Աշխատանքային և առևտրային տարածքներ. Նախագծված լինելով որպես մոդուլային համակարգ, որն ունակ է տեղավորել ինչպես փոքր, այնպես էլ խոշոր ընկերություններ՝ համալիրի գրասենյակները ապահովում են ճկունություն և աճի հնարավորություններ, որոնք անհրաժեշտ են տեխնոլոգիական ընկերություններին: Կենտրոնի առաջին հարկում կգործեն սրճարաններ, ռեստորաններ, մարզասրահներ, խանութներ և կոմերցիոն այլ տարածքներ:
Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող, 25 մլն եվրո արժողությամբ համալիրի մասին առաջին անգամ հայտարարվել է 2019 թվականին: Դրանից ի վեր Թումոն կազմակերպել է միջազգային ճարտարապետական մրցույթ, որը հաղթելով հոլանդական MVRDV ստուդիան սկսել է նախագծի աշխատանքը: Նույն տարվա ընթացքում իր գործունեությունն է սկսել ծրագրի հիմնական մասնիկներից մեկը՝ Թումո լաբերը, որը Թումոյի ծրագրի ևս մի ընդլայնումն է և երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել STEM-ին ոլորտների կիրառական և առաջադեմ հմտություններ:
Համալիրի շինարարությունը կմեկնարկի 2023 թվականին: Շինությունը մաս է ավելի մեծ հատակագծի, որը ներառելու է Թումոյի ներկայիս շենքը, տեխնոլոգիական և կրթական մի շարք կառույցներ, ինչպես նաև մետրոյի ապագա կայարանը Հալաբյան փողոցում։