Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
30 խոսնակ՝ 9 երկրից, 2000 գրանցված այցելու և 120 ընկերություն. իր պատմության մեջ ամենամեծ «Դիջիթեք»-ը
News 14/03/2023 20:45

Մարտի 10-12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «ԴիջիԹեք 2022» համաժողովը և համանուն ցուցահանդեսը։ Համաժողովը կրում էր «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում» խորագիրը։ Ներկայացավ 30 խոսնակ 9 երկրից, գրանցվեց 2000 այցելու, իսկ 17-րդ ամենամյա ցուցահանդեսին ներկայացավ 120 ընկերություն։

Մարտի 10-ին՝ համաժողովի պաշտոնական բացմանը, տեխնոլոգիական համայնքին ողջունեցին ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը, ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպան Վիկտոր Ռիխտերը։

Համաժողովին ստորագրվեց համագործակցության հուշագիր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և Երևանի քաղաքապետարանի միջև։ Երևան համայնքում մեծ թափով թվայնացման աշխատանքներ են իրականացվում, որոնք քաղաքացիների կյանքը թեթևացնելու, համայնքի հետ շփումն ավելի մատչելի դարձնելու հնարավորություն են տալու:

Մարտի 11-ին ստարտափների հիմնադիրների ու գործադիր տնօրենների միջև կազմակերպվեց 15-րոպեանոց  վենչուրային կապիտալի արագ հանդիպումների «pitch սեսիաներ»-ի փուլը՝ հնարավորություն տալով  ներկայացնել իրենց գաղափարները միջոցառման մասնակից 5 վենչուրային կապիտալիստներին։

Համաժողովի հիմնական ծրագրին զուհագեռ իրականացվեց նաև «Գրանատուս Վենչուրս»-ի «Իմփեքթ թեք» ներդրումային ֆորումը, որը եզակի հանդիպում էր սոցիալական, առողջապահական և բնապահպանական մեծ ազդեցություն ունեցող ստարտափների, ներդրողների և տեխնոարդյունաբերության հիմնական խաղացողների համար: Ֆորումին ուսումնասիրվեց՝ ինչպես կարող են տեխնոլոգիաները լուծել համաշխարհային մասշտաբով կայուն զարգացման ամենաբարդ խնդիրները։

Իսկ Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոնը և USAID Armenia-ն կազմակերպեցին երեք քննարկմամբ «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառումը։ Միջոցառման գլխավոր նպատակն էր պետության կարևոր կառույցների ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների և բիզնես համայնքի հետ նախանշել ՏՏ ոլորտի համակարգային խնդիրները և լուծումներ մշակել։ Քննարկումները որակավորված աշխատաշուկայի, Հայաստանի բարձր կրթական ինստիտուտներում STEM կրթության թերացման, ինչպես նաև Հայաստանում տվյալների պաշտպանության կանոնակարգերի մասին էին։

«Դիջիթեք»-ին նաև առաջին անգամ ներկայացավ «AMADEE-24»՝ Ավստրիական տիեզերական ֆորումը Հայաստանում ներկայացնող կազմակերպչական թիմը։ Ըստ կազմակերպիչների՝ ֆորումը 2024-ին կներկայանա «Գառնիից (ՀՀ) Գառնի (Մարս)» խորագրով։ Դեպի Մարս թռիչքի AMADEE-24 անալոգի մոդելավորումը՝ գիտահետազոտական նպատակներով է։ Այս թռիչքի փորձակրկնումները տեղի են ունենում երկու տարին մեկ անգամ: Առաքելությունն իրագործելու համար ընտրվում է  երկիր, որտեղ ենթադրյալ վեց տիեզերագնացի անձնակազմը մասնակցում է դեպի Մարս թռիչքի և վերջինիս վրա վայրէջքի փորձակրկնմանը:

Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն։ Հովանավորներ՝ Giz EU4Business, Fastex, Team Telecom Armenia, AMD, Sensyan