Մարտի 18-ին, ժամը 12։00-ին կկայանա «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագրի պաշտոնական բացման միջոցառումը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի կառուցվածքն ու նպատակները, արդեն գրանցված արդյունքները և առաջիկա քայլերը:
«Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրը իրականացվում է Գյումրի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի կողմից՝ Հայ Կրթական Հիմնարկության աջակցությամբ և ֆինանսավորմամբ։
Կրթական ծրագրի բացման միջոցառմանը ներկա կգտնվեն ավելի քան 120 երիտասարդներ, պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներ, դպրոցի տնօրեններ և ՏՏ փորձագետներ։
Ծրագրի նպատակն է՝
- ավագ դպրոցի աշակերտների շրջանում ինժեներական կրթության հանդեպ հետաքրքրության բարձրացումը
- գործնական ուսուցման կիրառմամբ արդիական և մրցունակ ինժեներական հմտությունների տրամադրում
- աշակերտների կողմից ինժեներական նախագծերի եւ պրոդուկտների մշակում` անօդաչու սարքեր, ռոբոտներ, խելացի արտադրանքներ և այլն։
Ծրագիրը նախատեսված է Շիրակի մարզի 10-րդ դասարանի այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և փորձ հետևյալ ուղղություններում՝
- Ծրագրային ճարտարագիտություն (Software Engineering). Python; Մեքենայական ուսուցում (Machine Learning)
- Մեքենաշինություն (Mechanical Engineering). 3D մոդելավորում, ճշգրիտ մեքենաների գործարկում
- Էլեկտրատեխնիկա (Electrical Engineering). էլեկտրական կառավարման համակարգերի նախագծում և իրականացում
● Արտադրանքի մշակում (Soft Skillset). նախագծերի կառավարում, թիմային աշխատանք: