ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է նոր ծրագիր՝ «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» և հայտարարում ծրագրի մեկնարկը։
«Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» կրթական ծրագիրը հնարավորություն կտա խորացնել գիտելիքները, կատարելագործել հմտությունները տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններում։
Ծրագիրը նախատեսված է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսումնական հաստատությունների ավագ դպրոցների սովորողների համար։
2023 թվականին պիլոտային ծրագիրը կիրականացվի ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ,Վահան, Սոթք, Նորաբակ և Ճամբարակ բնակավայրերի ավագ դպրոցների 100 աշակերտների համար։
«Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» ուսումնաճանաչողական ծրագիրը կանցկացվի 2023 թվականի հուլիսի 24 – 30-ը։
Մասնակիցների ընտրությունը կկատարվի մոտիվացիոն նամակների միջոցով: Կընտրվեն տեխնոլոգիական ուղղություններով հետաքրքրված և որոշակի գիտելիքներ ունեցող աշակերտները։ Ճամբարի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր և խրախուսական նվերներ:
Ճամբարին մասնակցությունն անվճար է։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 20-ն է:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSepbNjpysEnyiPwfhOmHU01VohoD61H1BrNXqh0ZEfGEmFURg/viewform :
Գրանցվել կարելի է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցների հետ նշված բնակավարերում նախատեսվող հանդիպումների ընթացքում՝ թղթային տարբերակով։