Հուլիսի 10-ին Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Ինժեներական ասոցիացիայի համատեղ ջանքերով հիմնված «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական նոր կրթական ծրագրի մեկնարկի ազդարարման հանդիսավոր արարողությունը:
Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ձևավորել արդի մարտահրավերներին պատրաստ, գիտական և արտադրական, տեսական ու գործնական գիտելիքների հզոր պաշարով մասնագետների համայնք, որոնք կհանդիսանան Հայաստանում նշված ոլորտի զարգացման առաջամարտիկները, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի՝ որպես ճարտարագիտական հանգույցի դիրքավորմանը համաշխարհային շուկայում:
Միջոցառման մեկնարկին կայացավ նաև մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Ինժեներական քաղաքի կրթական ծրագրերի համակարգող Անդրանիկ Աղաջանյանը:
«Սա մի հետաքրքիր մոդել է՝ կրթության, գիտության և արդյունաբերության կապի ընդլայնման և ապահովման համար, և ստեղծելու է միջավայր, որտեղ լինելու են ոչ միայն հետազոտություններ, գիտական աշխատանք, այլև ստեղծվելու է հնարավորություն՝ հիմնարար հետազոտությունները տեղափոխել ավելի կիրառական դաշտ և ստանալ կոնկրետ արդյունքներ»,- նշել է ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը։
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է, որ ավիատիեզերական ոլորտն աշխարհում ամենաարդիական, ամենապահանջված և ամենաբարդ ուղղություններից է, որտեղ գործ ունենք գիտության բոլոր բնագավառների հետ, քանի որ տարբեր միջավայրերում աշխատող սարքերը լուծում են տարբեր խնդիրներ: Բագրատ Ենգիբարյանը նաև հավելել է, որ կրթական ծրագրի շրջանակում շարունակվելու է համագործակցությունը տեղական և միջազգային ոլորտի հեղինակավոր ընկերությունների հետ, որոնք լավագույն ուսանողներին կտրամադրեն կրթաթոշակներ։ Նախատեսվում է նաև համագործակցություն միջազգային առաջատար բուհերի հետ, որոնք հետագայում կրկնակի դիպլոմի շնորհման հնարավորություն կընձեռեն:
Ինժեներական քաղաքի կրթական ծրագրերի համակարգող Անդրանիկ Աղաջանյանը նշել է. «Ծրագիրն իրականացվում է ժամանակին, և շատ պահանջված է։ Ավիատիեզերական ոլորտն աշխարհում այսօր շատ պահանջված է, և սա Հայաստանի համար հնարավարություն է զբաղվել ավելի մրցունակ հարցերով»։
Նշենք, որ ծրագիրը մշակվել և իրականացվում է մի շարք կազմակերպությունների և կենտրոնների գործուն աջակցությամբ, մասնավորապես՝
- Նեյշնլ Ինսթրումենթս Արմենիան (NI Armenia),
- Ամերիկայի հայ գիտնականների և ինժեներների ասոցիացիան,
- ԱՏԳ-ն (Advanced Technology Group),
- Երևան Աէրոսփեյս ինժեներինգը (Yerevan Aerospace Engineering),
- Հայկական աէրոտիեզերական գործակալությունը,
- «Բազումք» ավիատիեզերական լաբորատորիան։
Սույն համագործակցությունը կնպաստի նաև բուհ-արդյունաբերություն համագործակցային մոդելի ամրապնդմանը՝ խթանելով աշխատաշուկայում տարեցտարի աճող ճարտարագետների պահանջարկի բավարարմանը: