Մայիս, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում բացվել է Ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա
News 03/08/2023 15:19

«ԿոկաԿոլա» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) համագործակցությամբ իրականացվող «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» խորագրով ծրագրի ներքո ս․թ․ օգոստոսի 1-ին, ժամը՝ 12:30-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ խաղային տեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիայի բացման հանդիսավոր միջոցառումը:

Կարևորելով ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում մրցունակ աշխատուժի զարգացումը և նոր ենթակառուցվածքների ստեղծումը՝  վերը նշված ծրագրի շրջանակում Վանաձորում, Գյումրիում և Երևանում ՁԻՀ – «ԿոկաԿոլա» համագործակցությամբ արդեն շուրջ  4 ամիս անցկացվող դասընթացների շնորհիվ 60-ից ավել երիտասարդներ ձեռք են բերում ինչպես տեխնիկական հմտություններ ծրագրավորման և խաղերի մշակման ոլորտներում, այնպես էլ կյանքի հմտություններ և բիզնես հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում և առաջխաղացում: Հարկ է նշել, որ «ԿոկաԿոլա» ընկերությունը 2019 թվականից իրականացնում է Երիտասարդների զարգացում ծրագիրը՝  վերապատրաստելով վերոնշյալ հմտությունները երիտասարդներին:

Միջոցառման մեկնարկին բացման խոսքով հանդես եկան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից՝ ծրագրերի ղեկավար Լուսինե Ղուկասյանը և «ԿոկաԿոլա Հելլենիկ Արմենիա»-ից՝ Հասարակական գործերի և կայունության տնօրեն Էլինա Մարգարյանը՝ ներկայացնելով նաև Հայաստանում խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացման հեռանկարները՝ միտված երիտասարդների հզորացմանը, ու համատեղ իրականացվող ծրագրի ընթացիկ և ակնկալվող արդյունքները։

«Ներկայումս «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերում՝ զարգացնելով մարզային երիտասարդության ներուժը, ստեղծելով համապատասխան կրթական միջավայր և համատեղելով տարբեր կազմակերպությունների ջանքերը երիտասարդներին ուղղված աշխատանքներում, որը համահունչ է «ԿոկաԿոլա» համակարգի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանձքային հենասյուներին։ Պատահական չէ, որ այս համագործակցության ներքո կազմակերպվող խաղային տեխնոլոգիաների թեմայով դասընթացները ևս իրականացվում են ՁԻՀի այլ երիտասարդակենտրոն ծրագրի հետ համագործակցությամբ։», – նշեց ՁԻՀի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավար Լուսինե Ղուկասյանը։ 

«Շատ ոգևորիչ է, որ խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգը նոր թափ է առնում և դառնալով ավելի մասշտաբային ներառում է նաև մարզերը։ Սա ուրախալի է ոչ միայն այն պատճառով, որ տնտեսության վրա զգալի էֆեկտ կունենա ապագայում, այլ նաև այն պատճառով, որ երիտասարդներն առիթ կունենան ուսումնասիրել խաղերի ստեղծման հրաշալի մասնագիտությունը, բացահայտել նոր ու հետաքրքիր մի աշխարհ, որտեղ ձեռք կբերեն ինչպես տեխնիկական գիտելիքներ այնպես էլ փափուկ հմտություններ։ «ԿոկաԿոլա» համակարգում կարևորում ենք երիտասարադների հմտությունների շարունակական զարգացումը և ուրախ ենք, որ մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը նաև այս զարգացման մասն են կազմում»։  – նշել է իր խոսքում Էլինա Մարգարյանը:

Լաբորատորիայի բացման արարողությունից հետո 3 քաղաքներում իրականացվող դասընթացների մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու խաղերի մշակման գործընթացում կիրառվող AR/VR տեխնոլոգիաներին, ինչպես նաև ներկայացնելու իրենց կողմից մշակվող խաղերի գաղափարները և դեմո տարբերակները։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում փորձառու մենթորների օգնությամբ նրանք ավարտին կհասցնեն իրենց խաղերի դեմո տարբերակները և կներկայացնեն տեխնոլոգիական և բիզնես ոլորտի ներկայացուցիչներից ձևավորված մասնագիտական ժյուրիին, որի որոշման արդյունքներով կարժանանան համապատասխան դրամական պարգևների։