«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումների շարքը, որը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո, յոթերորդ անգամ կվերադառնա նոյեմբերի 24-ին, 25-ին և 26-ին։
Հայաստանում ճարտարագիտության ոլորտի ամենաընդգրկուն միջոցառումների շարքը կներկայացնի ճարտարագետների վերջին ձեռքբերումները և կխթանի ոլորտի միջազգային և տեղական ներկայացուցիչների միջև փորձի և գաղափարների փոխանակումը, ինչպես նաև` միջոլորտային կապերի ձևավորումը։ Մասնակցությունն անվճար է, գրանցման հայտը հասանելի է այստեղ:
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը երեք օր շարունակ կներառի բազմաֆորմատ միջոցառումներ։ Օրակարգին և բանախոսներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Երևանում միջոցառումները կմեկնարկեն Հայաստանի ազգային պատկերասրահում առավոտյան 10:00-ին և կշարունակվեն մինչև 19:00՝ ունենալով 4 պանելային քննարկում բարձր տեխնոլոգիաների և ինժեներական զարգացումների, Հայաստանում դրանց կիրառության և ապագա հնարավորությունների մասին: Առաջին օրը կեզրափակվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման», «Ասպիրանտների աջակցության», ԵՊՀ մագիստրոսական ծրագրերի դրամաշնորհների հանձնման արարողությամբ։
Միջոցառման երկրորդ օրը 10:00 Ինժեներական քաղաքում կներկայացվի ինժեներական տեխնոլոգիաների ցուցահանդես, որը մասնակիցներին թույլ կտա բացահայտել շուկայի զարգացումները և հասկանալ դրա ներուժը: Ցուցահանդեսից զատ՝ մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու նորարարական տեխնոլոգիաների կիրառության, կիբերանվտանգության և այլ թեմաներով պանելային քննարկումների և աշխատարանների։
Երրորդ օրը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նվիրված կլինի աշխատուժի զարգացման և երիտասարդների ներգրավման նախաձեռնություններին: ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանի աշխատուժի զարգացման գործունեություն» ծրագիրը և ՁԻՀ-ի «Ալիք» երիտասարդական նախաձեռնությունը կներկայացնեն իրենց ձեռքբերումները, կկազմակերպեն քննարկումներ և կամփոփեն եռօրյա ինտենսիվ միջոցառումների շարքը։
«Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2023»-ի գործընկերներն են ՀՀ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Համաշխարհային բանկը և National Instruments-ը։