Categories: News

Granatus Ventures-ը ներդրումներ է կատարում Modicus Prime-ում

Վենչուրային կապիտալի հայկական առաջատար Granatus Ventures ընկերությունը ներդրում է կատարել AI տեխնոլոգիաների Modicus Prime ընկերությունում, որը մասնագիտացած է դեղագործական արդյունաբերության որակի վերահսկման ժամանակակից համակարգերում:

Modicus Prime-ը մշակում է սեփական ծրագրային լուծումներ, որոնք ապահովում են կենսաբանական պատկերների իրական ժամանակի տեսողական վերլուծություն և հայտնաբերում ու տեղեկացնում վարակների մասին։ Խոսքը դեղագործության մեջ կիրառվող որակի շարունակական հսկողության բարձր ճշգրտության գործիքի մասին է։

Modicus Prime-ը հիմնադրել և ղեկավարում է Թեյլոր Չարտիերը՝ դեղագործական տվյալների գիտնական, որը մեծ փորձ ունի կենսաբանական նյութերի նախագծման, որակի վերահսկման և ոլորտում AI կիրառման տեխնոլոգիաներում: Նա ոգևորված է Granatus Ventures-ի հետ համագործակցությամբ և կարծում է, որ Granatus-ի միջազգային հասանելիությունը, որն ընդգրկում է Հայաստանը, ԱՄՆ-ը և Եվրոպան, Modicus Prime-ին լրացուցիչ դիրք կհաղորդի դեղագործական արդյունաբերության մեջ:

Տեխնիկական թիմը ղեկավարում է Դավիթ Վարդանյանը՝ ծրագրային ապահովման ոլորտում մեծ փորձ ունեցող ինժեներ, որը մինչ Modicus Prime-ը աշխատել է մի քանի խոշորագույն դեղագործական ընկերություններում: Ընկերությունն արդեն ունի Հայաստանում տեղակայված ծրագրային ապահովման ինժեներների թիմ: Modicus Prime-ը ներկայումս համագործակցում է աշխարհի որոշ խոշորագույն դեղագործական ընկերությունների հետ:

Granatus Ventures-ի կառավարիչ գործընկեր Մանուկ Հերգնյանը կարծում է, որ Modicus Prime-ը արդյունավետ լուծումներ է առաջարկում  դեղագործական ոլորտի ամենակարևոր, որակի, ուղղությամբ և սա ապագայում կդառնա դեղագործական արդյունաբերության անփոխարինելի մաս:

Granatus Ventures-ի ներդրումը կօգնի ընկերությանն արագացնել իր առաջատար լուծումների զարգացումը և վարձել լրացուցիչ տաղանդներ՝ աջակցելու իր հետագա աճին և ընդլայնմանը:

Share