Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկել է «Կորիզ-Արմաթ» նոր ինժեներական մրցույթը
News 14/02/2024 11:38

Փետրվարի 13-ին մեկնարկել է նոր ինժեներական մրցույթ, որը համատեղ իրականացնում են Հայաստանում ամենամասշտաբային համադպրոցական մրցույթը ստեղծած «Կորիզ» կրթական ծրագիրը և ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների կրթական ծրագիրը։

«Կորիզ-Արմաթ» նոր մրցույթում կարող են գրանցվել Հայաստանի տարածքում գործող հանրակրթական դպրոցների բոլոր 5-12-րդ դասարանի աշակերտները և քոլեջի ուսանողները, ինչպես նաև Վրաստանում բնակվող ջավախքահայ 5-12-րդ դասարանի աշակերտները։ Գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք և ընտրել «Կորիզ-Արմաթ» մրցույթը։
«Մեր երկրի առաջնային ուղղություններից է տեխնոլոգիական զարգացումը։ Իսկ տեխնոլոգիական ոլորտի ապագա որակյալ մասնագետներ պատրաստելն այս տեսլականի իրագործման կարևորագույն նախապայմանն է։ Այսօրվա արագընթաց թվային աշխարհում դպրոցականների համար ավելի քան երբևէ կարևոր է ծրագրավորում, 3D մոդելավորում և ռոբոտաշինություն սովորելը։ Մենք հավատացած ենք, որ սեր արթնացնելով դեպի ինժեներության հիմքում ընկած առարկաները՝ ֆիզիկան ու մաթեմատիկան և ինժեներական ուսուցումն ավելի հասանելի դարձնելով, պատանիներին ոչ միայն պատրաստում ենք գնալ դեպի ապագա, այլև ոգեշնչում ենք նրանց դառնալ ապագայի ձևավորման ակտիվ մասնակիցներ»,-նշել է Koreez կրթական շարժման հեղինակ Սուրեն Ալոյանը։
«Մասնակցելով մրցույթին, դուք պետք է հստակ գիտակցեք, որ նախ պետք է սովորել դպրոցի առարկաները։ Բայց խորհուրդ եմ տալիս, որ առաջինը սովորեք նախ ձեզ համար։ Իսկ ուսուցիչների մասին կարող եմ ասել, որ բարձրագույն արժեք ստեղծող հասարակութան ամենակարևոր մարդիկ են։ Անկախ նրանից, որ մեր երկրում կրթության ընդհանուր որակն ընկել է, մեր վերաբերմունքն ուսուցչի նկատմամբ չպետք է փոխել, բայց պետք է աշխատել, որ այդ կոչումն ունենան ամենաարժանի մարդիկ։ «Արմաթ»-ի տեսանկյունից խմբավարները մեր պատկերացրած ուսուցիչներ են։ «Կորիզ»-ի հետ գործակցությունն այս տեսանկյունից ենք կարևորում, որ մեր խմբավարների դերը ևս հասարակության մեջ կարևորվի ըստ արժանվույն»,-հավելել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Աշակերտներին խորհուրդներ է տվել մրցույթին հնարավորինս շուտ դիմել «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների կրթական ծրագրի ներդրման ղեկավար Սեդրակ Վարդանյանը, նշել, որ սպասում ենք՝ այս տարի Կորիզից բազմաթիվ Արմաթներ դուրս գան։
Մրցույթն ունի երկու առցանց փուլ, որից հետո վերջնական արդյունքներն ամփոփվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ամենամյա «Կորիզ» կրթական շոու-մրցանակաբաշխությանը։ Մրցույթին կարող են մասնակցել 5-12-րդ դասարանի բոլոր այն աշակերտները, որոնք արդեն ուսումնասիրում են կամ նոր են պատրաստվում բացահայտել ինժեներական աշխարհը։

Մրցույթի հաղթող աշակերտներն ու նրանց խմբավարները կպարգևատրվեն բազմաթիվ խրախուսական և արժեքավոր մրցանակներով։