Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում փետրվարի 26-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress Barcelona) միջազգային ցուցահանդեսը։
«Հայաստան» միասնական տաղավարով ցուցահանդեսին մասնակցում է հայկական 14 տեխնոլոգիական ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները տեխնոլոգիական, արհեստական բանականության և մի շարք այլ ուղղություններով։
Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են հեռահաղորդակցության, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերություններն ու ոլորտի առաջատարները։
Այս տարի «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի թեմաներն են՝ 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն:
Փետրվարի 26-29-ն անցկացվող միջոցառման շրջանակներում նախատեսված են նաև ոլորտային համաժողովներ, կլոր սեղաններ, բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան ծանոթանալու ոլորտի զարգացման միտումներին և հաստատելու նոր գործարար կապեր։