Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հայկական SARD Anti-Cheat-ը ճանաչվել է «Տարածաշրջանի լավագույն ստարտափ» GISEC 2024-ի ընթացքում
News 06/05/2024 13:06

Ապրիլի 22-25-ը Դուբայում կայացավ GISEC Global-ը` կիբերանվտանգության ոլորտում աշխարհում ամենանշանակալի իրադարձություններից մեկը։

Ամենամյա միջոցառումը այս տարի մեկ հարկի տակ էր հավաքել  ոլորտի 750 առաջատար ընկերությունների, 350 բանախոսների և ավելի քան 20,000 այցելուների՝  աշխարհի 130 երկրներից:

Էքսպոյին և կոնֆերանսին զուգահեռ ընթացող միջոցառումներից էր ստարտափների միջև անցկացվող Cyber Stars մրցույթը։ Մրցույթին մասնակցում էին 70 ստարտափներ՝ պայքարելով 5 տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվելու համար։  Երկու փուլերի ընթացքում ունեցած ելույթների և դրանց հաջորդած հարց-պատասխանների գնահատման արդյունքում պրոֆեսիոնալ ժյուրին «Տարածաշրջանի լավագույն ստարտափ» անվանակարգում հաղթող ճանաչեց SARD Anti-Cheat ընկերությանը։

SARD Anti-Cheat ընկերության Բիզնեսի զարգացման մենեջեր Աննա Գասպարյանը, ով  մրցույթի ընթացքում ներկայացնում էր ընկերությունը նշում է․ «GISEC Global-ի աշխարհագրությունը բավականին լայն է` Մերձավոր Արևելքից մինչև Աֆրիկա և Եվրոպա։ Այս տարածաշրջանում լավագույնը ճանաչվելը և համաշխարհային ազդեցություն ունեցող ժյուրիի անդամների ոգևորիչ խոսքերին արժանանալը մեզ համար անչափ պատվաբեր է։ Սա ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում և SARD Anti-Cheat-ը շատ մոտ է համաշխարհային հաջողությանը»։

GISEC-ը կիբերանվտանգության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների և մասնագետների համար գաղափարների և նորարությունների փոխանակման եզակի հարթակ է, որին այս տարին ներկայացված էին այնպիսի առաջատար ընկերություններ ինչպիսիք են՝ Cisco, Kaspersky, Microsoft, Amazon Web Services, Cloudflare, և այլն։

SARD-ի թիմը ևս էքսպոյին ներկայացնում էր նաև իր տեխնոլոգիական լուծումը՝ SARD Anti-Cheat-ը։ SARD-ը ոչ վաղ անցյալում ստեղծված ստարտափ է, որի պրոդուկտը ստեղծվել է կանխելու վիդեո խաղերի ոլորտի ամենակարևոր մարտահրավերներից մեկը՝ խաբեություններն ու խարդախությունները առցանց  խաղերում։ SARD Anti-Cheat-ի առաջարկած լուծումը հնարավորություն է տալիս վիդեո խաղեր ստեղծող ընկերություններին պաշտպանել իրենց խաղի եկամուտները, ինչպես նաև պահպանել արդար և մրցակցային միջավայր իրենց օգտատերերի համար։

«GISEC-ին մասնակցելու մեր առաջնային նպատակը SARD Anti-Cheat-ի ներուժի ներկայացումն էր մի տարածաշրջանում, որտեղ կերտվում է կիբերանվտանգության ապագան։ Եվ շատ ոգևորիչ է, որ թեժ մրցակցության պայմաններում հենց մեր առաջարկած լուծումը  և մեր զարգացման տեսլականը հաղթող ճանաչվեց»,- նշում է SARD Anti-Cheat ընկերության համահիմնադիր Տիգրան Գյուրջյանը։

SARD Anti-Cheat-ի առաջարկած լուծումը  AI-ով և կերնելային մակարդակում աշխատող մեթոդների խելացի համադրություն է, որը ոլորտում նորարար մոտեցում է։  SARD-ի թիմը թեև այս պահին կենտոնացած է վիդեո խաղերի անվտանգության ապահովման ուղղությամբ, ընկերության երկարաժամկետ պլանները ներառում են ավելի լայն ոլորտներ ընդգրկող լուծումների մշակումն ու գործարկումը։

«Միջազգային շուկայում մրցունակ լուծումներ առաջարկելը մեր ընկերության հիմնական նպատակներից է, որին հասնելու համար մենք շարունակաբար կատարելագործում ենք մեր պրոդուկտը՝ փորձելով մեկ քայլ առաջ մնալ նոր մարտահրավերներից և սպառնալիքներից։ GISEC-ի նման  միջոցառումներին մասնակցելը մեզ օգնում է հետևել ոլորտում կատարվող նորամուծություններին և գոլբալ համայնքի մաս կազմել։ Իսկ նվաճած մրցանակը լրացուցիչ մոտիվացիա է ավելի մեծ եռանդով շարունակել մեր աշխատանքը և ընդլայնել SARD-ի ազդեցությունը կիբերանվտանգության ոլորտում»,- նշում է SARD Anti-Cheat-ի համահիմնադիր Սևադա Գյուրջյանը։