ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի Տեղեկատվական Համակարգերի Գործակալությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնությունը համատեղ կազմակերպում են կիբեռանվտանգության շաբաթ, որն այս տարի տեղի կունենա մայիսի 18-ից 26-ը։ Մեդիա կենտրոնում այսօր կայացած ասուլիսի ընթացքում ներկայացվեց միջոցառման նպատակները, բարձրացված հարցերը և ծրագիրը։
Կիբեռանվտանգության շաբաթ 2024-ի նպատակն է երիտասարդ մասնագետների շրջանում խթանել կիբեռանվտանգության մասին գիտելիքի, հմտությունների և փորձի փոխանակումը, խրախուսել կիբեռանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորումը։
Կիբեռանվտանգության շաբաթը կմեկնարկի «BSides Yerevan 2024» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով, որը տեղի կունենա մայիսի 18-ից 19-ը Երևանում՝ Armenia Marriott հյուրանոցում։ Համաժողովի ընթացքում կիբեռանվտանգության ոլորտի շուրջ 15 մասնագետ` ինչպես Հայաստանից, այնպես և արտերկրից հանդես կգան թեմատիկ զեկույցներով և պանելային քննարկումներով։ Կքննարկվեն կիբեռանվտանգությանն առնչվող բազմաթիվ թեմաներ՝ կիբեռհարձակումների դրդապատճառները, անվտանգության տարբեր սպառնալիքները, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգները և այլն։
Շաբաթը կշարունակի «CyberGEN 2024» համաժողովը, որը տեղի կունենա մայիսի 22-ից 24-ը ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: «CyberGEN 2024»-ը կներառի երկու հիմնական ուղղություն՝ կառավարման, ռազամավարական և կիբեռանվտանգության ռիսկերի շուրջ թեմաներ և խորը տեխնիկական թեմաներ։ Միջոցառման 3-րդ օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի Expo-ի շրջանակում ոլորտի տարբեր առաջատար կազմակերպությունների կողմից նոր լուծումների, համակարգերի, գործիքակազմերի և պրոդուկտների ներկայացմանը։
CyberGEN համաժողովին սպասվում են խոսնակներ այնպիսի հայտնի կազմակերպություններից, ինչպիսիք են Trellix, AWS, SimSpace, OpenText Cybersecurity, Google Cloud, CQURE, Kaspersky, F5 և այլն:
Ասուլիսի ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության ղեկավար Մարի Բարսեղյանը նշեց, որ նմանատիպ ոչ ֆորմալ համաժողովները շատ կարևոր են ոլորտի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման համար, ինչպես նաև խրախուսում են կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտական համայնքի ձևավորմանը: «BSides-ը աշխարհում լայն տարածում ունեցող և ոլորտի հեղինակավոր միջոցառումներից է, որն անցկացվում է 60-ից ավելի երկրների 220 քաղաքում։ Կարևոր է, որ այս միջոցառումն արդեն երկրորդ անգամ անցկացնում ենք նաև Հայաստանում։ Հուսով ենք՝ համաժողովի ընթացքում բարձրաձայնված հարցերն ու ելույթները կնպաստեն կիբեռանվտանգության ոլորտի տարածմանը և զարգացմանը Հայաստանում»,- նշեց Մարի Բարսեղյանը։
ՀՀ ԿԲ-ի ՏՏ և Կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանի խոսքով՝ կիբեռանվտանգության մասնագետների կրթությունը և շարունակական զարգացումը, հավաքագրումն ու պահպանումը շարունակվում է մնալ թվայնացման ճանապարհը բռնած ցանկացած պետության հիմնական մարտահրավերներից մեկը:
«Կիբեռ-չարագործների, հաքերների համար ֆինանսական հաստատությունները միշտ եղել և շարունակում են լինել հարձակման հիմնական թիրախներից մեկը, այնուհանդերձ վերջին տարիներին էապես շատացել են կրիտիկական ենթակառուցվածքների և փոքր ու միջին բիզնեսների վրա հարձակումները: Մի հարկի տակ բերելով ավելի հասուն ու պաշտպանված ֆինանսական հատվածի մասնագետներին և ոլորտի փորձագետներին ու ընկերություններին՝ մենք նպատակ ունենք ստեղծել արդյունավետմիջավայր կիբեռանվտանգության նորագույն տեխնոլոգիաների և համակարգերի, ինչպես նաև սպառնալիքների և ռիսկերի կառավարման մեխանիզմների շուրջ արդյունավետ քննարկումների և գիտելիքի ձեռք բերման համար»,- նշեց Ստեփանյանը:
Հայաստանի Տեղեկատվական Համակարգերի Գործակալության տնօրեն Ն. Երիցյանը, արձանագրելով ձեռնարկությունների, բանկերի և պետական գերատեսչությունների տեղեկատվական համակարգերի վրա գլոբալ մակարդակով աճող լայնածավալ հարձակումների ռիսկերը, նշեց, որ չափազանց հրատապ և կարևոր է դարձել ազգային կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռդիմակայության բարձրացումը: Սա առաջին հերթին ենթադրում է համապատասխան արագ արձագանքման ազգային ներուժի զարգացում: Ի հավելումն, մարդկային ներուժը և համապատասխան գործընթացներն ավելի կարևոր են քան թանկարժեք տեխնոլոգիաները: Ներսես Երիցյանը կարևորեց նաև միջազգային համագործակցության և տեղեկատվության փոխանակման դերը կիբեռդիմակայության բարձրացման հարցում:
Կիբեռանվտանգության շաբաթը կեզրափակի «Bug Bounty» մրցույթը, որի նպատակն է խրախուսել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու մասնագետներին՝ իրենց գիտելիքներով ու փորձով նպաստել ՀՀ-ում թվային լուծումների անվտանգ զարգացմանը: Մասնակից հաքերների թիմերը պետք է փորձեն մուտք գործել և գտնել տրամադրված համակարգերի խոցելիությունները: Լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ։ Մրցույթը տեղի կունենա մայիսի 25-ից 26-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: