Մայիսի 18-26-ը «Կիբեռանվտանգության շաբաթ» միջոցառման շրջանակներում Կենտրոնական Բանկը, Հայաստանի Տեղեկատվական Համակարգերի Գործակալության աջակցությամբ, երրորդ տարին անընդմեջ կազմակերպել էր «CyberGEN 2024» համաժողովը։
Նշենք, որ հիշյալ համաժողովը, ինչպես նաև հերթական «BSides Yerevan 2024» միջոցառումը, «Կիբեռանվտանգության շաբաթ»-ի հիմնական բաղկացուցիչներն են, իսկ շաբաթն ամփոփեց առաջին խոշոր «Bug Bounty»-ն, որը խրախուսում է երիտասարդ և փորձառու մասնագետներին իրենց գիտելիքներով ու փորձով նպաստել մեր երկրում թվային լուծումների անվտանգ զարգացմանը:
CyberGEN2024 համաժողովի նպատակն է երիտասարդ մասնագետների շրջանում մեծացնել հետաքրքրությունը կիբեռանվտանգության նկատմամբ, ինչպես նաև խթանել գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը և աջակցել կիբեռանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորումը։
ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն իր բացման խոսքում նշեց, որ վերջին տարիների տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ ակնհայտ է դարձել, որ ցանկացած պետության համար կիբեռանվտանգությունը պետական, մասնավոր, մասնավորապես՝ ֆինանսական համակարգին սպառնացող հիմնական և կարևորագույն ռիսկերից է:
Գլոբալ տեսանկյունից այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կազմակերպությունների խոցելիությունը, կիբեռ գիտելիքների և մասնագետների մեծ պակասն ու բիզնեսների ու կիբեռանվտանգության համատեղելիությունը, արագ և համապարփակ լուծման կարիք ունեն։
CyberGEN2024 համաժողովի օրակարգում ընդգրկված էին երկու հիմնական ուղղություններ. կառավարման, ռազմավարական և կիբեռանվտանգության ռիսկերի շուրջ թեմաներ, ինչպես նաև խորը տեխնիկական թեմաներ, որոնք ներառվել են համաժողովի մասնակիցների շրջանում արված հարցումների արդյունքներով:
Համաժողովին ելույթ ունեցան խոսնակներ այնպիսի հայտնի կազմակերպություններից, ինչպիսիք են․ Trellix, Amazon Web Services, SimSpace, OpenText Cybersecurity, Google Cloud, CQURE, Կասպերսկի, F5 և այլն, իսկ ընդհանուր մասնակիցների քանակը կազմում էր շուրջ 350 հոգի՝ պետական և մասնավոր հատվածներից, բազմաթիվ ուսանողներ և դասախոսներ, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրների կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ:
Մայիսի 25-26-ը կիբեռանվտանգության շաբաթն ամփոփեց «Bug Bounty» միջոցառումը, որի արդյունքներով պրոդուկտի, լուծման կամ համակարգի սեփականատերերը պարգևատրում են իրենց պրոդուկտներում, լուծումներում կամ համակարգերում կարևոր խնդիրներ գտած անձանց՝ խրախուսելով ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու մասնագետներին իրենց գիտելիքներով ու փորձով նպաստել մեր երկրում թվային լուծումների անվտանգ զարգացմանը:
Մասնակից «հաքերային» թիմերը պետք է փորձեին մուտք գործել և գտնել համակարգերի խոցելիությունները: Թիմերի միջև պայքարը տևեց 24 ժամ, որի ընթացքում երեսունից ավել մասնագետներ տասը թիմերով պայքարում էին առաջին տեղի համար:
Լավագույն հինգ թիմերն ստացան դրամական պարգևներ՝ գործընկերների աջակցությամբ սահմանված մրցանակային ֆոնդից:
Այս տարի «Bug Bounty»-ին ներկայացված էին պետական նշանակության երկու համակարգեր, ինչպես նաև ԱԿԲԱ բանկի առցանց բանկինգ համակարգը և մոբայլ հավելվածը: