Երեք տարվա համառ ու նվիրված աշխատանքի արդյունքում թողարկվել է Ucraft Next-ը, որը Ucraft-ի հիմնադիրները ոչ թե պարզապես արդիականացում, այլ հեղափոխություն են համարում:
«Մեր նոր հարթակը անխափան կերպով համատեղում է էլեկտրոնային առևտրի հզոր հնարավորությունները, ինտուիտիվ նախագծման գործիքները և արհեստական բանականության վրա հիմնված առաջադեմ գործառույթները՝ բիզնեսներին հնարավորություն տալով նախագծել, գործարկել և մեծացնել իրենց առցանց խանութները աննախադեպ հեշտությամբ և արդյունավետությամբ», – հայտնում է ընկերության համահիմնադիր Գևորգ Բալյանը:
Այս պրոդուկտի հիմնական հատկանիշներն են առցանց խանութի համակողմանի կառավարումը, ինտուիտիվ դիզայնի գործիքներով կայքերի ստեղծումը և արհեստական բանականությամբ շահառուների փորձի օպտիմալացումն ու անհատականացումը:
«Մենք անչափ շնորհակալ ենք մեր օգտատերերին՝ ավելի քան 1 միլիոն մարդկանց ամբողջ աշխարհում, որոնք վստահում ու աջակցում են մեզ: Ձեր կարծիքը կարևոր դեր է ունեցել Ucraft Next-ի ձևավորման գործում, և մենք ուրախ ենք հասանելի դարձնել ձեզ առցանց բիզնեսի ապագան», – օգտատերերից բացի՝ համահիմնադիրն առանձնահատուկ շնորհակալ է ներդրողներին ու թիմակիցներին՝ հավատի ու աջակցության համար: