Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
WCIT2024/DigiTec-ի շրջանակներում կազմակերպելու է «Նորարարություններն ինքնավար համակարգերում» աշխատաժողովը
News 26/09/2024 13:12

Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը (CSIE) փոխըմբռնման հուշագիր (MoU) ստորագրեցին, համաձայն որի 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի օրերին, կկազմակերպվի «Նորարարություններն ինքնավար համակարգերում» թեմայով աշխատաժողով։ Վերջինս համախմբելու է առաջատար փորձագետների, հետազոտողների և ոլորտի մասնագետների աշխարհի տարբեր երկրներից՝ համագործակցության և մտքերի փոխանակման հնարավորություն ստեղծելով։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը ստորագրեցին հուշագիրը և նշեցին համատեղ ջանքերի մասին, որոնք նպատակ ունեն ապահովելու ոլորտի միջազգային փորձագիտական համայնքի ներգրավվածությունը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել WCIT-ին այս բացառիկ հնարավորության համար։ 2021 թվականին, երբ հիմնադրում էինք Գիտական նորարարության և կրթության կենտրոնը, մեր նպատակն էր Հայաստանը դարձնել ինքնավար համակարգերի առաջատար կենտրոն։ Այսօր, WCIT-ի աջակցությամբ, նախաձեռնել ենք «Նորարարություններն ինքնավար համակարգերում» թեմայով աշխատաժողովը, որի շրջանակներում Հայաստանում կհյուրընկալենք ոլորտի առաջատար գիտնականների և մասնագետների աշխարհի տարբեր երկրներից։ Նրանք կգան Հայաստան ոչ միայն աշխատաժողովին մասնակցելու, այլև հայաստանյան ՏՏ ոլորտը ուսումնասիրելու և նոր կապեր հաստատելու համար», – ասաց Գիտական նորարարության և կրթության կենտրոնի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։

«Նորարարություններն ինքնավար համակարգերում» թեմայով աշխատաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կանդրադառնա ստորջրյա, օդային և ցամաքային ռոբոտատեխնիկայի նորամուծություններին, դրանց կիրառման ոլորտներին և ապագա հեռանկարներին։ Մասնակիցները միջազգային փորձագետների հետ կքննարկեն ռոբոտների ինքնավարության մակարդակի բարձրացման տեխնոլոգիական լուծումները, մարտահրավերները, այդ համակարգերի ինտեգրումը տարբեր արդյունաբերական ոլորտներում: Աշխատաժողովը հնարավորություն կտա ոչ միայն ոլորտի ներկայիս լուծումներն ուսումնասիրել, այլև ապագա տեխնոլոգիական զարգացումների համար նորարար մոտեցումներ մշակել։

Աշխատաժողովի խոսնակներից են Նաիրա Հովակիմյանը, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի Մեխանիկական գիտությունների և ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Գրեգորի Չիրիկջյանը, ԱՄՆ Դելավերի համալսարանի Մեխանիկական ինժեներիայի ամբիոնի ղեկավար, Էրիկ Ֆերոնը, Սաուդյան Արաբիայի Աբդուլլահ թագավորի անվան գիտության և տեխնոլոգիայի համալսարանի (KAUST) պրոֆեսոր, և այլ նշանավոր մասնագետներ։

Աշխատաժողովի և գրանցման վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ CSIE-ի կայքէջում՝ https://csiefoundation.am/en/wcit2024/digitec

«WCIT2024/DigiTec-ի օրերին մենք պարբերաբար կխոսենք գիտության մասին և նպատակ ունենք ոլորտի լավագույն գիտնականներին հրավիրել Հայաստան։ Մենք հավատում ենք, որ համաշխարհային մարտահրավերների լուծումը տրվելու է գիտության միջոցով։ Ինչպես պատմությունն է ցույց տալիս, բոլոր համաշխարհային պատերազմներն ու արհավիրքները կանգ են առել գիտական նորամուծությունների շնորհիվ։ Շատ ուրախ ենք այս համագործակցության համար և շնորհակալ ենք Գիտական նորարարության և կրթության կենտրոնին այս նախաձեռնության համար»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:

WCIT2024/DigiTec-ը, անցկացման չորս օրերին,  Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:

WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի`

  • ներկայացնելու հայաստանյան, և ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակներում, որը հանդիսանալու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec համար,
  • ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարարությունների ու ԱԲ-ի վերջին և ապագա զարգացումների շուրջ,
  • Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում և դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար,
  • խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում և տնտեսություններում:

Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին: