News

Մեկնարկում է WCIT2024/DigiTec-ը. հոկտեմբերի 4-7-ը Հայաստանը կդառնա տեխնոլոգիական մտքի կենտրոն

Մեկնարկում է տարվա ամենասպասված տեխնոլագիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, որի շրջանակներում անց է կացվելու ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում (հոկտեմբերի 4-6), աննախադեպ բացման համերգային ծրագիր է ներկայացվելու Հանրապետության հրապարակում (հոկտեմբերի 4), և շուրջ երեք օր Մարզահամերգային համալիրում անց են կացվելու Արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ պանելային քննարկումներ ու ելույթներ միջազգային հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ (հոկտեմբերի 4-7)։

Հոկտեմբերի 4-ին, Մերիդիան էքսպո կենտրոնում կբացվի տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ ԴիջիԹեք 2024-ը, որն իր շուրջն է համախմբել հայկական և ոչ միայն առաջատար տեխնոլոգիական ընկերություններին, ստարտափներին։

Ֆասթեքսի և Ֆաստբանկի հետ համատեղ հոկտեմբերի 4-ին տեղի կունենա WCIT2024/DigiTec-ի մեկնարկային համերգային ծրագիրը Հանրապետության Հարապարկում՝  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, որին կհաջորդի ամերիկացի երգիչ, երգահան Ջեյսոն Դերուլոյի բացառիկ ելույթը։

«Երկար նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում է տարվա տեխնոշաբաթը։ WCIT2024/DigiTec-ը ընդգրկում է բազմաթիվ միջոցառումներ՝ hոկտեմբերի 4-ին մեկնարկում ենք ԴիջիԹեք-ով, որին կհաջորդի համերգ Հանրապետության հրապարակում՝ բացառիկ տեխնոշոույով և հրավառությամբ, իսկ հոկտեմբերի 5-7-ը տեղի կունենան բուն միջոցառումները Մարզահամերգային համալիրում»,-ասաց WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

WCIT2024/DigiTec-ը Հայաստանում կհյուրընկալի ավելի քան 2,000 միջազգային պատվիրակների և խոսնակների աշխարհի տարբեր երկրներից՝ Արվիդ Բելլ (Arvid Bell), Էշթեր Վուժիցկի (Eshter Wojcicki), Տակ Լո (Tak Lo), Ռոդրիգո Մեսսի (Rodrigo Messi), Իբրահիմ Գեդեոն (Ibrahim Gedeon), ուրիշներ (Oրակարգը՝ https://agenda.wcit2024-digitec.com/p/W77LfzT8eo

Մասնավորապես, «REDDS Capita»-ի նախագահ Սթեֆըն Իբառակին (Stephen Ibaraki) կխոսի հզոր նորարարական ձեռքբերումների օգտագործմամբ խոստումնալից ապագա ստեղծելու մասին։ Աշխարհահռչակ Calvin Klein բրենդի հավաքածուների ռազմավարության տնօրեն Ֆրանչեսկա Բերտազզոն (Francesca Bertazzo) կներկայացնի մարքեթինգում և սոցիալական մեդիայում նոր լսարանի ներգրավման գործում ԱԲ-ի կիրառության մասին։ Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը կկիսվի ԱԲ-ի զարգացումների և կյանքի բոլոր ոլորտներում դրա ներթափանցման մասին իր տեսլականով։ Համաժողովի հատուկ հյուրեր՝ Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը և միջազգայնորեն հայտնի Agenus ընկերության տնօրեն Գարո Արմենը, կխոսեն հեղափոխական բժշկության մեջ արհեստական բանականության (ԱԲ) կիրառության մասին։ Արմենկո կապիտալի խորհրդի նախագահ Ալեքս Եմենդջիանը հանդես կգա տպավորիչ ելույթով՝ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու ռազմավարությունների վերաբերյալ։ Այս և տասնյակ այլ համաշխարհային խոսնակների ելույթները մասնակիցներին բացառիկ հնարավորություն կընձեռի համաշխարհային նորարարական և տեխնոլոգիական լավագույն արդի փորձի փոխանակման համար, ինչպես նաև՝ մասնակիցը դառնալու առաջադեմ լուծումների բազմաբովանդակ հանդիպումների։

«Ուրախ ենք երկրորդ անգամ Հայաստանում հյուրընկալել WCIT կոնգրեսը։ Այս տարի համաժողովի բացմանը տեսակապով ողջույնի խոսքով հանդես կգա ամերիկացի գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը։ 2019 թվականի համաժողովը հայաստանյան ՏՏ ոլորտում տեսանելի զարգացումներ է գրանցել, ինչը, վստահ եմ, որ այս տարի կրկնապատկվելու է»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

WCIT2024/DigiTec-ը, անցկացման չորս օրերին՝ հոկտեմբերի 4-7-ը,  Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար:

«Այս տարվա WCIT2024/DigiTec-ն աննախադեպ է լինելու խոսնակների, մասնակիցների, համընթաց միջոցառումների, ցուցահանդեսների և շոուների առումով, ինչպես նաև մի քանի անգամ ավելի լայնամասշատաբ է լինելու նախկիններից։ Մենք չէինք կարող այս ամենին հասնել առանց մեր գործընկերների»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup (WWC) ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: Մրցույթում Հայաստանը կներկայացնեն Text’nPayMe և AllClean ստարտափները։ Հոկտեմբերի 7-ին կհայտարարվի նաև WITSA World Cup-ի հաղթող ստարտափի անունը։

«Մեզ համար չափազանց կարևոր է նմանատիպ լայնամասշտաբ միջոցառումների հյուրընկալումը Հայաստանում, որը միջազգային հարթակներում մեր երկիրը ներկայանալի դառնալու հնարավորություն է տալիս։ Սա նաև բացառիկ հնարավորություն է տալիս ոլորտի ներդրողներին բացահայտելու հայկական ՏՏ ոլորտը և ներդրումային ու համագործակցային կապեր ստեղծելու։ Այս համագործակցությունը պետություն-մասնավոր գործակցության հաջողված փորձ է, որը նպատակ ունի հայաստանյան տեխնոլոգիական ոլորտը տեսանելի դարձնելու նաև միջազգային հարթակներում»,-ասաց WCIT2024/DigiTec-ի համակարգող Նազելի Հայրապետյան։

Հայաստանը, հանդիսանալով տարածաշրջանի տեխնոլոգիական հաբ, վերջին տարիներին իր շուրջն է համախմբել գլոբալ մի շարք տեխնոլոգիական ընկերությունների, որոնք այստեղ հիմնել են իրենց գիտահետազոտական (R&D) գրասենյակներն ու մասնաճյուղերը։

«ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաժողովը կծառայի որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհաին հարթակ։

««Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կարևոր է համարում լինել գլխավոր գործընկեր՝  ինովացիաների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնֆերանսին, WCIT2024/DigiTec-ին, որը տարածաշրջանի համար կարևոր և մասշտաբային միջոցառում է: Մենք նախաձեռնել ենք բացման արարողությունը կազմակերպելու կարևոր գործընթացը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալու հետաքրքիր ելույթով, որը կուղեկցվի օնլայն ռեժիմով արհեստական բանականությամբ ինտեգրված երաժշտությամբ, նաև մեր հրավերով հանդես է գալու համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։ Բոլորին կսպասենք հոկտեմբերի 4-ին ժամը 19:30-ին Հանրապետության հրապարակում»,-նշեց Ֆասթեքսի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը։

BANA Angels-ի հետհամագործակցության շրջանակում համաժողովի օրերին, Հայաստանում կանցկացվի նաև Investor Tour (Ներդրողների այց)։ Այս միջոցառման շրջանակում Հայաստան  են ժամանել ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր ոչ միայն կմասնակցեն կոնֆերանսին, այլև կծանոթանան հայաստանյան ստարտափ էկոհամակարգին, ընկերություններին։

Համաժողովի շնորհիվ մի շարք ընկերություններ կծանոթանան հնարավորություններին և ներուժին, որն առկա է ոլորտի առաջատար ընկերությունների գիտահետազոտական կենտրոններ հիմնելու համար։ Այն նպատակ ունի նաև նորարարությունների,  ՏՀՏ լուծումների  միջոցով ընդգծելու կիրառական գիտությունների առանցքային դերը տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման խթանման գործում և ներկայացնելու տեխնոլոգիաների ապագան և հետագա զարգացումները՝ հատկապես Արհեստական բանականության ուղղությամբ:

ՏՏ ոլորտի համաշխարհային քարտեզի վրա Հայաստանն ամրագրել է իր ուրույն դերը որպես տեխնոլոգիական հաբ, իսկ WCIT2024/DigiTec-ը ոլորտի առանցքային դերակատարում ունեցող ընկերություններին կբացահայտի Հայաստանի տեխնոլոգիական ներուժը՝ այստեղ մասնաճյուղեր հիմնելու, ակադեմիական ուսումնասիրություններ իրականացնելու և կոմերցիոն խոշոր կենտրոններ հիմնելու նպատակով։

Հայաստանը հպարտ է հյուրընկալել այս առաջատար համաժողովը՝ լինելով մի շարք հաջողված տեխնոլոգիական ստարտափների հայրենիք, ինչպիսիք են՝ PicsArt-ը, Renderforest-ը, Krisp-ը։ ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների ճկուն համակարգը և միջազգային ֆինանսավորման բազմաթիվ հնարավորությունները գրավում են ոլորտի համաշխարհային խոշորագույն ընկերություններին, ինչպիսիք են՝ Synopsis-ը, Siemens-ը, Nvidia-ն, Adobe-ը և այլն։

Պատվիրակների համար համաժողովն իրենց ներդրումային ծրագրերն ու գաղափարները ցուցադրելու հարթակ կդառնա՝ ճանապարհ հարթելով միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ գործընկերության համար և զարգացնելու կայուն տեխնոլոգիական առաջնորդությունն ու նորարարությունը, բոլոր ներկաներին հնարավորություն կընձեռվի հեռանկարային համագործակցություն հաստատելու թե հայաստանյան, թե միջազգային գործընկերների հետ։

Համաժողովն Արհեստական բանականության (ԱԲ) ապագայի և դրա սոցիալական ազդեցությունը և էթիկան ձևավորող կարևորագույն թեմաների շուրջ մի շարք միջոցոռումներ է նախատեսում անցկացնել։

Share