Հունվար, 2025
January 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Մոլեկուլների ուսումնասիրություն՝ ուղղված նաև դեղագործության զարգացմանը
News 21/01/2025 20:44

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ասիմետրիկ կատալիզի գիտական խումբն ընդլայնվում է: Երեք տարվա արդյունավետ գործունեության արդյունքներից է «Ազոլների հենքի վրա ասիմետրիկ օրգանոկատալիզ, սինթեզ և ակտիվություն» վերտառությամբ գիտական նախագծի իրագործումը, որի շրջանակում գիտական խումբը կսինթեզի այնպիսի մոլեկուլներ, որոնք հնարավորություն կընձեռեն ստանալու կենսաբանորեն և դեղաբանորեն ակտիվ որոշ միացությունների երկրաչափական ձևերից մեկը:

Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար, ասիմետրիկ կատալիզի գիտական խմբի ղեկավար Արմեն Գալստյանի հեղինակած «Ազոլների հենքի վրա ասիմետրիկ օրգանոկատալիզ, սինթեզ և ակտիվություն» գիտական նախագիծը ֆինանսավորման է երաշխավորվել «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր-2024» մրցույթի արդյունքում:

«Ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայում փորձում ենք ստեղծել գործիքակազմ, որի շնորհիվ կարելի է սինթեզել կարևորագույն հատկություններով օժտված կառուցվածքային առանձնահատկություններով նյութեր»,- ընդգծեց Արմեն Գալստյանը:

Նա մատնանշեց, որ ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման տեսչության սահմանմամբ՝ մոլեկուլի կառուցվածքի տեսանկյունից երկրաչափական որոշակի առանձնահատկություն ունեցող դեղանյութերում պետք է լինի մոլեկուլի երկրաչափական ձևերից որևէ մեկը, քանի որ մեկ դեղանյութում մոլեկուլի տարբեր երկրաչափական ձևերը վտանգում են մարդու առողջությունը։

«Մոլեկուլի մեկ երկրաչափական ձևը կարող է բուժիչ հատկություն ունենալ, իսկ նույն բաղադրությունն ունեցող մեկ այլ երկրաչափական ձևը կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար: Օրինակ՝ պարզվել է, որ տալիդոմիդ դեղը, որը տասնամյակներ առաջ նշանակվում էր հղիներին՝ անքնության, սրտխառնոցի դեմ կամ որպես ցավազրկող միջոց, ազդում է պտղի առողջ զարգացման վրա, ինչի արդյունքում ծնվում են ֆիզիկական արատներով երեխաներ։ Պատճառն այն է, որ այդ դեղամիջոցում առկա է մոլեկուլի երկու տարբեր երկրաչափական ձևերի խառնուրդ: Այդ իսկ պատճառով մեկ երկրաչափական ձևով նյութերի սինթեզը շատ կարևոր է քիմիայում, և այն լայնորեն կիրառվում է նաև բժշկության ոլորտում»,- ասաց Արմեն Գալստյանը։

Ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայի երեք տարվա գործունեության ընթացքում գիտական խումբը սինթեզել է ավելի քան 300 անուն նյութ և այժմ ուսումնասիրում է դրանց կատալիտիկ ակտիվությունը. այս ամենը իրագործվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհներով ձեռք բերված ժամանակակից սարքերի օգնությամբ:

«Գծագրել և սինթեզել ենք տարբեր կառուցվածքներ ունեցող բազմաթիվ գործիքներ և փորձարկում ենք նրանց տարբեր ռեակցիաների վրա: Կան բազմաթիվ ռեակցիաներ, որոնց ընթացքում ստացվում են մոլեկուլների մեկ կամ մի քանի երկրաչափական ձևեր: Մեր նպատակն է մեր իսկ նախընտրած կառուցվածքով երկրաչափական ձևի ստացումը: Այսինքն, սինթեզված մոլեկուլներն ավելացնում ենք ռեակցիաների մեջ, որոնք ասիմետրիկ կատալիզատորներ են, և դիտարկում ենք՝ արդյոք այդ ռեակցիան մեր նախընտրած ձևով է ընթանում (մեկ երկրաչափական ձևի ստացման ուղղությա՞մբ է ընթանում, թե՞ գոնե գերակշռում է մեկ երկրաչափական ձևը)»,- նշեց Արմեն Գալստյանը:

Գիտական նախագծի շուրջ աշխատանքները մեկնարկել են 2024 թ. դեկտեմբերին և կտևեն 5 տարի: Ասիմետրիկ կատալիզի գիտական խումբն արդյունքները հանրայնացնելու նպատակով տարեկան 2-3 հոդված կհրապարակի միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, կկազմակերպի դասախոսությունների շարք, գիտաժողովներում հանդես կգա զեկուցումներով:

Արմեն Գալստյանը շեշտեց, որ սեպտեմբերին ԵՊՀ-ի և ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի համագործակցությամբ կկազմակերպվի կոնֆերանս, որի ժամանակ կներկայացվեն նաև նախագծի իրականացման շրջանակում ստացված արդյունքները:

«Ազոլների հենքի վրա ասիմետրիկ օրգանոկատալիզ, սինթեզ և ակտիվություն» խորագրով գիտական նախագիծը հաջորդել է ասիմետրիկ կատալիզի գիտական խմբի ստեղծման դրամաշնորհին, որը 3 տարի առաջ ևս ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից:

Արմեն Գալստյանի խոսքով՝ «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր-2024» մրցույթում հաղթելը նպաստել է նաև գիտական խմբի ընդլայնմանը:

Նշենք, որ գիտական նախագիծն իրականացնում են ԵՊՀ հետազոտողներ Տիգրան Եգանյանը, Մարիամ Հարությունյանը, Զաքար Պապանյանը, Արտյոմ Պետրոսյանը, Անահիտ Ջիլիկյանը, Մելանյա Սամվելյանը: Նախագծի խորհրդատուն է Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Վալենտի Նենայդենկոն: