Հունիս, 2026
June 2026
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայտնի են «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 11-րդ մրցույթի հաղթողները
News 01/06/2026 11:14

Կայացավ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման 11-րդ ամենամյա պատանեկան մրցույթի եզրափակիչ հանրապետական փուլը։ Այս տարի մրցույթի մարզային փուլերին մասնակցել էին 1320 պատանիներ Հայաստանի տարբեր համայնքներից, որոնցից 147-ն անցել էին եզրափակիչ։

«ԴիջիԿոդ» մրցույթը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ճարտարագիտական կրթության «Արմաթ» ազգային ծրագիրը։

Մրցույթի նպատակն է զարգացնել պատանիների ալգորիթմական մտածողությունը, խթանել ծրագրավորման հանդեպ հետաքրքրությունը և բացահայտել տեխնոլոգիական ոլորտի ապագա առաջնորդներին։

2015 թվականից անցկացվող «ԴիջիԿոդ»-ը տարիների ընթացքում դարձել է Հայաստանի կարևորագույն կրթական և տեխնոլոգիական նախաձեռնություններից մեկը՝ համախմբելով ծրագրավորմամբ, ճարտարագիտությամբ և տեխնոլոգիաներով  հետաքրքրված հազարավոր դպրոցականների։

Այս տարի ևս մրցույթն անցկացվեց մի շարք անվանակարգերով։

«Սարքերի ինտեգրում» անվանակարգում (10-18 տարեկան) հաղթող ճանաչվեցին Նարա Իսրաելյանն ու Նարե Պետրոսյանը՝ Իջևանի վարժարանից։

«Վիրտուալ լաբորատորիաներ» անվանակարգում (10-13 տարեկան) հաղթող դարձավ Գևորգ Մեծրիցյանը՝ Շնողի միջնակարգ դպրոցից, իսկ 14-18 տարեկանների խմբում՝ Դաթիս Բահրամիզադեն (Իրան) Երևանի թիվ 35 հիմնական դպրոցից։

«Համակարգչային խաղեր» անվանակարգում (10-13 տարեկան) հաղթեցին Էրիկ Ներսիսյանն ու Արման Սահակյանը՝ Անուշավանի միջնակարգ դպրոցից, իսկ 14-18 տարեկանների խմբում՝ Նարե Անտաշյանն ու Սամվել Շահրեդյանը՝ Ալավերդու թիվ 2 դպրոցից։

«Ինտերակտիվ անիմացիա» անվանակարգում (10-13 տարեկան) հաղթող ճանաչվեց Մարկ Աբրահամյանը՝ Երևանի թիվ 196 հիմնական դպրոցից, իսկ 14-18 տարեկանների խմբում՝ Նարեկ Մելքոնյանը՝ Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցից։

«Ֆինանսական գրագիտություն» անվանակարգում (10-13 տարեկան) հաղթեց Ալեքս Նիկողոսյանը՝ Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցից, իսկ 14-18 տարեկանների խմբում՝ Հայկուհի Գրիգորյանը՝ Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցից։

«Հեքիաթներ» անվանակարգում (10-13 տարեկան) լավագույն ճանաչվեց Մանե Ասատրյանի և Իննա Զավարյանի թիմային աշխատանքը՝ Ալավերդու թիվ 10 հիմնական դպրոցից։

«Python» օլիմպիադայում հաղթողներ դարձան Գրիգ Ժամհարյանը (10-11 տարեկան, Դիլիջանի ավագ դպրոց), Մամիկոն Համբարյանը (12-14 տարեկան, Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց) և Գայանե Հովհաննիսյանը (15-18 տարեկան, Չարենցավանի թիվ 3 դպրոց)։

«Կրիա» օլիմպիադայում առաջին տեղերը զբաղեցրին Մանվել Սաիլյանը (10-11 տարեկան, Երևանի թիվ 69 հիմնական դպրոց) և Տիգրան Վարդանյանը (12-14 տարեկան, Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց)։

Մրցույթի ավարտին հաղթողները պարգևատրվեցին դրամական մրցանակներով, «Արմաթ» տեխնոճամբարի ուղեգրերով և արժեքավոր նվերներով։

«ԴիջիԿոդ 2026»-ը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանի դպրոցականները ոչ միայն հետաքրքրված են տեխնոլոգիաներով, այլև ունակ են ստեղծել նորարարական այնպիսի լուծումներ, որոնք կարող են դառնալ վաղվա տեխնոլոգիական հաջողությունների հիմքը։