Սեպտեմբեր, 2026
September 2026
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
«Յու Այ Թի Ի Էքսպո»-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
News 01/09/2026 11:46

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ / UATE) դուստր ընկերություն «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ն մուտք է գործում կապիտալի շուկա՝ ընկերության պարտատոմսերը ցուցակելով Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։ Այս քայլով ընկերությունը կապիտալի շուկայի գործիքներն ինտեգրում է իր ֆինանսավորման և հետագա զարգացման գործընթացում՝ միաժամանակ ընդլայնելով ներդրողների համար հասանելի գործիքների շրջանակը։

Ցուցակման կապակցությամբ Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցավ ավանդական զանգի հնչեցման արարողությունը, որը խորհրդանշում է ընկերության՝ կապիտալի շուկայում գործունեության նոր փուլը՝ թափանցիկության, հաշվետվողականության և ներդրումային հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։

Ներդրողները օգոստոսի 31-ից հնարավորություն ունեն մասնակցելու «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։

«Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 763,750,000 ՀՀ դրամ անվանական ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Ցուցակվել են 10,000 հատ պարտատոմս՝ 76,375 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։

Պարտատոմսերի թողարկման արդյունքում ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է ֆինանսական կայունության ամրապնդմանը, պարտքային բեռի օպտիմալացմանը, ինչպես նաև եկամուտների աղբյուրների ընդլայնմանն ու ռազմավարական ծրագրերի մասշտաբավորմանը։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թվականի հունվարի 26-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում՝ «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ-ի միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է.

««Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի մուտքը կապիտալի շուկա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ ցույց է տալիս պարտքային ֆինանսավորման այս գործիքի կիրառելիությունը տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների համար։ Կապիտալի շուկան ընկերություններին հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները և ձևավորել զարգացման համար անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսական հիմքեր։ Միաժամանակ, հրապարակային շուկայում ներկայությունը ենթադրում է թափանցիկության և հաշվետվողականության ավելի բարձր չափանիշներ, որոնք կարևոր են ներդրողների վստահության ամրապնդման համար։ Մենք կարևորում ենք տարբեր ոլորտներ ներկայացնող նոր թողարկողների մուտքը Բորսա, քանի որ յուրաքանչյուր նման թողարկում նպաստում է Հայաստանի կապիտալի շուկայի խորացմանը և ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը»։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն, «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ տնօրենների խորհրդի անդամ Էդիտա Ղազարյանը նշել է.

«Մեզ համար առանձնահատուկ կարևոր է, որ ԱՏՁՄ-ն՝ լինելով ոչ առևտրային կառույց, իր դուստր ընկերության միջոցով կարողացավ իրականացնել պարտատոմսերի նման հաջող թողարկում։ Անչափ շնորհակալ ենք մեր բոլոր ներդրողներին ցուցաբերած վստահության համար։ Որպես նրանց կատարած ներդրման գնահատման գլխավոր առիթ և արդյունքներին ծանոթանալու լավագույն հնարավորություն՝ բոլորին սիրով հրավիրում եմ նոյեմբերի 20-22-ը մասնակցելու Դիջիթեք 2026-ին։ Այն նոր մակարդակի վրա է բարձրացել՝ վերածվելով միջազգային նշանակության տեխնոլոգիական կոնֆերանսի և բիզնես միջոցառման։ Այս նախաձեռնությունները, միության անդամների կայուն աճը և մեր ռազմավարական նպատակների իրագործման ուղղությամբ հստակ աշխատանքը մեզ վստահորեն դիրքավորում են որպես կանխատեսելի ֆինանսներ ունեցող թողարկող, ինչի համար իսկապես շատ հպարտ եմ»։

«Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ-ի տնօրեն Արարատ Մկրտչյանը նշել է.

««Սիրիուս Կապիտալ»-ը հիմնելիս մենք նպատակ ենք հետապնդել նպաստելու հայկական ֆինանսական շուկայի զարգացմանն ու ընդլայնմանը։ «Յու Այ Թի Ի Էքսպո»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը, սակայն, տվեց այլ հաճելի պարտավորվածություն, այն է՝ նպաստել ոչ միայն հայկական ֆինանսական շուկայի զարգացմանը, այլ նաև Հայաստանի տեխնոլոգիական իրադարձությունների ոլորտի զարգացմանը։ Կարևոր է նշել, որ այս տեղաբաշխման ժամանակ կիրառվել են նորագույն տեխնոլոգիաներ, ինչը համապատասխան է ընկերության ոլորտին, օրինակ՝ առաջին անգամ կիրառվեց ԱԲ գործակալը՝ Արմինեն, որը ներդրողների հարցերին պատասխանում էր ռոբոտային ճշգրտությամբ և մարդկային ձայնով․ սա ևս մեկ քայլ է՝ տեխնոլոգիական փոփոխություններին ընդառաջ։ Առաջնային շուկայում պարտատոմսերի հաջողությունը շոշափելի էր՝ հարյուրավոր ներդրողներ և անսպառ վստահություն, ինչպես նաև բազմաթիվ ներդրողներ, որոնք սպասում էին պարտատոմսերի՝ բորսայում ցուցակվելուն»։

Մասնագիտանալով միջոցառումների կազմակերպման, խորհրդատվության և հաղորդակցման ծառայությունների ոլորտներում՝ «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ն հանդիսանում է ԱՏՁՄ գործառնական թևը և իրականացնում է միության կարևորագույն նախագծերը, որոնցից առանցքայինը Digitec-ն է։

Այս տարի «Դիջիթեք 2026»-ը (Digitec 2026) կանցկացվի նոյեմբերի 20-22-ը՝ որպես միջազգային մակարդակի բիզնես և տեխնոլոգիական իրադարձություն՝ «Աշխարհի նոր ԱԲ հանգույց» խորագրի ներքո՝ Երևանում միավորելով տեխնոլոգիական ձեռներեցների, ներդրողների, ընկերությունների ու ստարտափների, մասնագետների, գիտնականների ու պետական հատվածի ներկայացուցիչների Եվրոպայից մինչև Արաբական ծոցի երկրներ, ԱՄՆ-ից մինչև Կենտրոնական Ասիա։