Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Բրիջիթ Բոումենը Հայաստանում ներկայացրեց ներդրումային մշակույթի ոլորտի առանձնահատկությունները
News 27/09/2018 14:51

«Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը»/BANA/, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» եվրոպական միության ծրագրի աջակցությամբ կազմակերպում է վաղ փուլում գտնվող ընկերությունների զարգացմանն ուղղված ներդրումային կոնֆերանսը, որին ներկա կլինեն գործարար-ներդրողներ:

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14:00-ին, «Ալեքսանդր» հյուրանոցում (հասցե՝ Աբովյան 3/4) կայանալիք կոնֆերանսի հատուկ հյուրը Եվրոպայի Բիզնես ներդրողների ցանցի/EBAN/ պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենն է, որը Հայաստան կբերի ներդրումային մշակույթի ոլորտում իր մեծ փորձը։ Կոնֆերանսի մասնակիցները Բոումենի խորհուրդները լսելու համար ընդամենը մի քանի ժամ կունենան։

Ներդրումների խթանմանն ուղղված միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Կառավարության մի շարք ներկայացուցիչներ՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Հակոբ Արշակյանը, նաեւ ներկա կլինեն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը եւ այլք։

Հայ-եվրոպական ներդրողների կոնֆերանսը նպատակ ունի հայ եւ արտասահմանցի գործարարներին ներկայացնելու Հայաստանի ՏՏ ոլորտի ներդրումային միջավայրը եւ GlobalAM ՀԿ-ի նախաձեռնած Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի գործունեությունը, որը ձեռներեցներին հնարավորություն է տալիս կարեւորագույն ներդրումներ անել Հայաստանի ստարտափ էկոհամակարգում։  

Բոումենը 2003 թվականից բիզնես հրեշտակ է, իսկ 2015-ի մայիսին ճանաչվել է եվրոպացի լավագույն ներդրող։ Նա Եվրոպայի վենչուրային տարածքում ամենաազդեցիկ 50 կանանցից մեկն է, հիմնադրել է «Go Beyond» ներդրումային ընկերությունը, որը գործում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում ու Շվեյցարիայում։ Նա խորհրդատվություն է տրամադրում գործարարներին եւ տարբեր երկրների կառավարություններին։ Ազգությամբ ֆրանսիացի-շվեյցարացի Բրիջիթ Բոումենը բանակցությունից հետո ընդունել է Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի/BANA/ ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի հրավերը՝ մեկօրյա կոնֆերանս ունենալու Երեւանում։ Կանադայում թրեյնինգներ վարելուց հետո սեպտեմբերի 28-ի առավոտյան նա կժամանի Երեւան եւ նույն օրը տեղի կունենա սպասված կոնֆերանսը։

Ինչպես Հայաստանի Բիզնես ներդրողների ցանցի (http://bana.am/) ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանն է նշում, սա կարևոր իրադարձություն կլինի ներդրումներով հետաքրքրված գործարարների համար. «Մեր նպատակը Հայաստանում ներդրումային մշակույթի զարգացումն է, քանի որ այն դեռեւս տարածված չէ։ Վստահ եմ՝ ՏՏ ոլորտի զարգացման եւ ստարտափների ներդրումների հոսքի ճիշտ ուղղորդման հարցում Բոումենի այցն արդյունավետ կլինի։ Ի վերջո, նա փորձառու ներդրող է, և պատահական չէ, որ Եվրոպայի ստարտափ եւ վենչուրային ոլորտում ամենաազդեցիկ կանանցից մեկն է»։

Հայ-եվրոպական ներդրողների կոնֆերանսն իրականացվում է եվրոպական միության “Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում” ծրագրի, եվրոպական ESIL ծրագրի եւ GlobalAM ՀԿ-ի աջակցությամբ։

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասին

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:

Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային  միջավայրը և աջակցել փոքր և  միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով  ընդգրկուն աճ Հայաստանում:  Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը: Ավելին, ծրագիրը աջակցում է   նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։