Երևանում մեկնարկեց Հայկական Ինտերնետ կառավարման (ArmIGF) IV-րդ համաժողովը:
Համաժողովի քննարկման առանցքում ընկած էր GDPR-ի (ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ-խմբ.) հետ կապված ժամանակակից մարտահրավերները։
«Յուրաքանչյուր ինտերնետային կառավարման ֆորումի ընթացքում առաջնային քննարկման է դրվում GDPR-ը, քանի որ սա մի բան է, որն ազդում է տարբեր երկրների վրա, ու խոսքը ոչ միայն ԵՄ-ի մասին է, այլև՝ ամբողջ աշխարհի։ Այս ազդեցության մասին շատ է խոսվել ոլորտի մասնագետների կողմից։ Շատ դժվար է իրականացնել ընդհանուր կարգավորում, երբ ամեն երկիր ունի իր ուրույն օրենսդրական դրույթներն այս մասով», – մեզ հետ զրույցում նշեց համաժողովի հովանավորներից RIPE NCC-ի արտաքին կապերի տնօրեն Քրիս Բաքրիջը։
Նրա տեղեկացմամբ, ֆորումի ընթացքում նաև կքննարկվի ինտերնետային ենթակառուցվածքների զարգացումը գյուղերում։
Մեր հարցին՝ թե ո՞րն է այս համաժողովի կարևորագույն առավելությունը, RIPE NCC-ի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում արտաքին հարաբերությունների գծով տնօրեն Վահան Հովսեփյան նշեց, որ սա բաց հարթակ է, որտեղ կարող են մասնակցել ոլորտով հետաքրքրվածները և ստանալ ինտերնետի կառավարմանն առնչվող իրենց հուզող հարցերի պատասխանները։
«Հայաստանում ինտերնետի կառավարման հանձնաժողովի գործունեության արդյուքնում յուրատեսակ իրավիճակ է ստեղծվել. այն կոչված է ապահովել համագործակցություն տարբեր հասարակական կազմակերպությունների, ինտերնետ փորձագետների և կառավարության տարբեր գերատեսչությունների միջև։ Նմանատիպ ձևաչափը շատ լայն համագործակցության ու քննարկման հարթակ է ստեղծում», – ընդգծեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ ֆորումի ընթացքում հավաստագրեր հանձնվեցին Հայկական ինտերնետ կառավարման դասընթացն անցած անձանց։ Դասընթացը ֆինանսավորվել էր RIPE NCC-ի կողմից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ArmIGF2018-ի օրակարգի թեմաներն են՝
• Բլոքչեյն,
• Թվային գովազդ,
• Ազգային այբուբենով դոմենային անուններ,
• Իրերի Ինտերնետ (IoT),
• Հայալեզու օնլայն կրթական հարթակներ,
• Անձնական տվյալներ. GDPR,
• Արհեստական բանականություն և այլ արդի թեմաներ:
Հոդվածը և լուսանկարները՝ Անահիտ Լալայանի