Հոկտեմբերի 10-ին FAST հիմնադրամում HIVE Ventures-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Women in Tech Summit» ճանաչողական հանդիպումը։
Հանդիպման ընթացքում հայկական չորս ստարտափի՝ Embry Tech, D’efekt, Breedge, Innopark իգական սեռի ներկայացուցիչները ServiceTitan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանին և Index Ventures-ի տնօրեն, HIVE Ventures-ի գործընկեր Նինա Աչաջյանին ներկայացրին իրենց պրոդուկտները։
Այս ելույթների նպատակն էր հյուրերին ծանոթացնել Հայաստանում գործող ստարտափներին, որոնց հիմնադիրներից մեկը կամ թիմի ղեկավարը իգական սեռի ներկայացուցիչ է։
Ելույթներից հետո ընկերությունների՝ ServiceTitan-ի և HIVE Ventures-ի փորձառու ներկայացուցիչները, խոսեցին վաղ շրջանի ներդրումների առանձնահատկությունների մասին՝ պատասխանելով ներկաների ամենատարբեր հարցերին։
Նինա Աչաջյանը ստարտափներին մասնավորապես խորհուրդ տվեց pitch-երից առաջ հատուկ ուշադրություն դարձնել լսարանին, որի առջև պետք է ելույթ ունենալ։ Քանի որ հենց լսարանն է գնահատում պրոդուկտի արդյունավետությունն ու կենսունակությունը։
Հարցին՝ ճիշտ է արդյոք, որ վենչուրային ընկերություններն ավելի հաճախ ֆինանսավորում են տրամադրում քիչ եկամուտ ունեցող ստարտափներին, վերջինս ընդգծեց, որ VC-ների համար կարևոր է, որ ստարտափը կայուն եկամտի աճ գրանցի, ոչ թե տեղում դոփի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս միջոցառման նպատակն է ներկայացնել ՏՏ ոլորտի հայ կանանց, խոսել վաղ շրջանի ներդրումների առանձնահատկությունների մասին և ոգևորել ոլորտի նորեկներին՝ զբաղվելու ձեռներեցությամբ:
Հոդվածը և լուսանկարները՝ Անահիտ Լալայանի