Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայկական ստարտափների հիմնադիրները չափազանց խելացի են. կայացավ «HIVE Tech» գագաթնաժողովը
News 15/10/2018 07:19

Հոկտեմբերի 13-ին «HIVE Ventures» վենչուրային հիմնադրամի նախաձեռնությամբ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ թվով 4-րդ ամենամյա «HIVE Tech» գագաթնաժողովը։

Սամմիթն ընթանում էր պանելային քննարկումների տեսքով։ Այդ քննարկումների ընթացքում յուրաքանչյուր օգտատեր կարող էր ուղղել իրեն հուզող հարցերը Սիլիկոնյան հովտի հայտնի և հաջողած հյուրերին։

Բացման խոսքով հանդես եկավ Index Ventures-ի տնօրեն և HIVE Ventures-ի գործընկեր Նինա Աչաջյանը, ով նշեց, որ այս միջոցառման հիմնական նպատակն է կառուցել կամուրջ Հայաստանի և Սիլիկոնյան հովտի միջև։

Բացի այդ, ներկաներին տեղեկացրեց, որ սամմիթի վերջում հայկական վեց ստարտափ ժյուրիի դատին կներկայացնի իր գաղափարը, և արդյունքում առաջին տեղը զբաղեցրած ստարտափը HIVE Ventures-ից կստանա 25.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում։

Նշենք, որ պանելային քննարկումների խոսնակներն էին Սիլիկոնյան հովտի ամենահայտնի ընկերությունների՝ «Kleiner Perkins», «Y Combinator», «Base10VC», «Founders Embassy», «Gecko Robotics», «ServiceTitan», «Hoodline», «Benchmark», «Amazon», «Pinterest» and «Slack» ներկայացուցիչները։

Բացի այդ, ներկաները հնարավորություն ունեցան Y Combinator-ի գործընկեր Ջեֆ Ռալսթոնից անձամբ տեղեկանալ ամերիկյան հայտնի աքսելերատորներից մեկի՝ Y Combinator, ընդունվելու ընթացակարգի մասին։

Մենք հետաքրքրվեցինք Ջեֆ Ռալսթոնից, թե ինչպե՞ս կգնահատի հայկական ստարտափ էկոհամակարգը, ինչին նա պատասխանեց.

«Հայկական ստարտափների հիմնադիրները չափազանց խելացի ու խանդավառ են։ Ես կարծում եմ՝ իրենց գաղափարներն իրականացնելու ճանապարհին նրանք բախվում են լուրջ մարտահրավերների, քանի որ հայկական շուկան շատ փոքր է, ուստի ներդրողներն էլ սակավ են։ Այդ պատճառով ես նրանց խորհուրդ կտայի ավելի լայն մտածել և դուրս գալ միջազգային շուկա»։

Slack ընկերության արտադրանքով զբաղվող խմբի ղեկավար Ջեյմի Դըլանջն էլ մեզ հայտնեց, որ արդեն հասցրել է շփվել հինգ կամ վեց հայկական ստարտափի հետ, և տպավորված է վերջիններիս խելքով, եռանդով և ձգտումով։

Պանելային քննարկումներից մեկի ժամանակ HIVE Ventures-ի գործընկեր Նինա Աչաջյանը շատ հետաքրքիր հարց ուղղեց երկար տարիներ ներդրումներով զբաղվող I2F Global Ventures հիմնադիր գործընկեր Իլյա Գոլուբովիչին այն մասին, թե ո՞րն է ստարտափների հիմնական սխալը՝ ներդրումներ գրավելու գործում։

«Շատերը դիմում են ներդրումներ ստանալու նպատակով՝ առանց տնային աշխատանքը պատշաճ կատարելու։ Նկատի ունեմ այն դեպքերը, երբ ստարտափի հիմնադիրը գալիս է բանկիրին պատմում է իր կողմից առաջարկվող տեխնիկական լուծումների մասին, բայց ոչինչ չի ասում բիզնեսի մասին։ Ուստի պետք է հստակ հասկանալ՝ ո՞ւմ առջև եք ելույթ ունենում և ի՞նչ եք ակնկալում»,- շեշտեց նա։

Սամմիթի վերջում վեց հայկական ստարտափի՝ Breedge, noomie, FaceHub, TripPlannera, oores, SuperAnnotate AI-ի հիմնադիրները հանդես եկան երեք րոպե տևողությամբ ելույթներով։ Արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց SuperAnnotate AI-ի ստարտափը, որը և կստանա 25.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում՝ HIVE Ventures-ից։

Հոդվածը և լուսանկարները՝ Անահիտ Լալայանի