Categories: News

Երևանում կկայանա ՆԱՍԱ-ի Space Apps Challenge մրցույթի տեղական փուլը

Հոկտեմբերի 20-21-ը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)-ի գլխամասային գրասենյակում կկայանա ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (ՆԱՍԱ) Space Apps Challenge մրցույթի տեղական փուլը: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ մրցույթի պաշտոնական էջից։

Հայաստանն արդեն երրորդ անգամ կմասնակցի ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (NASA) միջազգային Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթին:

«Մրցույթի տևողությունը 24 ժամ է` հոկտեմբերի 20-ին ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 21-ը՝ 12:00-ը, որի ընթացքում ողջ աշխարհից մասնակցող թիմերը իրենց երկրներում կմշակեն և նախ տեղական, այնուհետև միջազգային ժյուրիի գնահատմանը կներկայացնեն իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները, որոնց հիմքում ընկած են սկսնակների, ուսանողների, փորձագետների, ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների և վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները: Դրանց ներկայացման ընթացքում անհրաժեշտ է կիրառել տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ»- հայտնում են մրցույթի կազմակերպիչները:

Տեղական միջոցառման ընթացքում հնարավոր է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես:

Մրցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով և հասանելի այլ մասնակիցների համար:

Մրցույթի հայաստանյան փուլի հաղթողի համար FAST հիմնադրամը նախատեսել է մրցանակ։

Լավագույն 2 նախագծերը կուղարկվեն մրցույթի հաջորդ փուլ՝ մրցելու այլ երկրների հաղթողների հետ։

Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալը և կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST):

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։

Լուսանկարը՝ մրցույթի պաշտոնական էջից

Share