Նոյեմբերի 17-18-ին, Եվրոպական միության աջակցությամբ Գյումրիում տեղի կունենա «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողովը: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
Համաժողովի նպատակն է բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորման գործընթացներում Շիրակի մարզի հաջողված փորձի ներկայացումը, առկա մարտահրավերներին ուղղված առաջարկների քննարկումն ու այլ մարզերի հետ փորձի փոխանակումը՝ որպես մարզերի հզորացման երաշխիք։
«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» ֆորումի կազմակերպիչներն են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների մաս:
Համաժողովի մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։