Categories: News

Հայտնի են «Տեխնոլոգիական շաբաթ 2018» միջոցառման հաղթողները

Երևանի պետական պոլիտեխնիկական համալսարանում ամփոփվել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) և ՀԱՊՀ ուսանողական խորհրդի կազմակերպած «Տեխնոլոգիական շաբաթ 2018» միջոցառումը, որն իրականացվում էր բուհի 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։ 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը մասնակցել է տեխնոլոգիական շաբաթի փակման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում ամփոփվել են նաև ստարտափ գաղափարների մրցույթի արդյունքները։

Հակոբ Արշակյանը ողջունել է ուսանողներին և կարևորել «Տեխնոշաբաթ» միջոցառման իրականացումը։ Մեկ շաբաթվա ընթացքում ուսանողները ոչ միայն հնարավորություն են ունեցել մասնակցելու վարպետության դասերի, սեմինարների, հետաքրքիր հանդիպում-քննարկումների, այլև «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ծանոթացել են համալսարանում առկա ենթակառուցվածքներին, այցելել ՀԱՃԼ, Անօդաչու թռչող սարքերի և ՀԱՊՀ-Տաշիր-ՀԷՑ գիտահետազոտական կենտրոններ և Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ։

Հակոբ Արշակյանի խոսքով` նորարարական գաղափարների իրականացման գործում գլխավորը հենց գաղափարն առաջարկող և նորարարական միտքն իրագործելու ուղղությամբ աշխատող երիտասարդներն են։

Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ մրցույթին մասնակցող ուսանողները  դժվարություններից չեն նահանջի, և իրենց գաղափարները կվերածեն հաջողակ բիզնեսների` չմոռանալով, որ կարևորն այդ ճանապարհին այն հիմնարար գիտելիքներն են, որ իրենք հնարավորություն ունեն ստանալու բուհում։

Ստարտափ գաղափարների մրցույթում ներկայացված էր 9 թիմ, որոնք նախորդ շաբաթվա ընթացքում ոլորտի կայացած մասնագետների հետ աշխատել էին իրենց բիզնես նախագծերի վրա: 5 րոպեի ընթացքում նրանք ներկայացրին իրենց գաղափարն ու իրականացման պլանը, այնուհետև պատասխանեցին ժյուրիի անդամների հարցերին։

Մրցույթի ամփոփման արդյունքում ընտրվեցին երեք լավագույն թիմերը։ Առաջին տեղը զբաղեցրեց «SFA» թիմը։

Լուսանկարը՝ նախարարության պաշտոնական կայքից

Share