Նոյեմբերի 2-ին, ժամը 17:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հանդիպումը տեղի ուսանողների հետ։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկաների հետ կկիսվի անձնական և մասնագիտական փորձով՝ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում փորձագետ, քաղաքական գործիչ և քաղաքացի:
«Նա մեզ կպատմի, թե ինչպիսի կարճաժամկետ և երկարաժամկետ աշխատանքի արդյունքներ ակնկալել նախարարությունից ՏՏ ոլորտում։ Նաև կներկայացնի՝ ինչ ընթացիկ ծրագրեր կան, որոնք աջակցում են ՏՏ ընկերություններին»,- հայտնում են հանդիպման կազմակերպիչները։
Հանդիպումը բաց է միայն Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողական համայնքի համար։
Միջոցառման մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղմամբ։
Լուսանկարը՝ միջոցառման ֆեյսբուքյան էջից