Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայաստանը եղել է գիտության և տեխնոլոգիաների հենման կետ․ մեկնարկեց Թումո-INCO համագործակցությունը
News 20/11/2018 14:10

Փարիզի շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի` Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցի շրջանակներում տրվեց Թումոյի և INCO-ի միջև համատեղ գործընկերության ծրագրի մեկնարկը: Հասարակական և բնապահպանական ստարտափներին աջակցություն տրամադրող և Փարիզում հիմնված SPRINT ցանցը (Start-up Paris Region International) աշխատելու է Ինժեներիայի և կիրառական գիտությունների Թումո-ԵՄ Convergence Center-ի հետ համատեղ` աջակցելով տեղական ստարտափերին: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Թումոյի պաշտոնական կայքից։ 

Միջոցառման ընթացքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման ղեկավար Բեկոր Փափազյանը և INCO-ի հիմնադիր տնօրեն Նիկոլա Ազարը ստորագրեցին գործակցության պաշտոնական հուշագիրը Թումոյի և INCO-ի միջև:

Ստորագրման պաշտոնական արարողությանը նախորդող իր խոսքում Բեկոր Փափազյանը նշեց. «Խորհրդային միության ժամանակ Հայաստանը եղել է գիտության և տեխնոլոգիաների հենման կետ: Ես մեզ ասում եմ «ամենագետ» հանրապետություն: Այստեղ` Թումոյում, այդ հիմքի վրա հենվելով, մենք շարունակում ենք աճել այնպիսի նախաձեռնություններով, ինչպիսին այսօրվա համագործակցությունն է INCO-ի հետ: Մենք շատ ոգևորված ենք միանալու մի միջավայրի ստեղծմանը, որը կաջակցի Հայաստանի ապագայի սոցիալական և բնապահպանական նախաձեռնություններին»:

Փարիզի շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը ողջունեց հյուրերին. «Ես բազմիցս լսել եմ Թումոյի մասին և վերջապես պատիվ ունեմ այցելելու այս հիասքանչ վայրը: Ինչպես գիտեք` Թումո Փարիզը բոլորովին վերջերս` օրեր առաջ սկսեց իր աշխատանքը, և ես հույս ունեմ, որ այն կհաջողի նույնքան, որքան հաջողում է այստեղ: Հայաստանը հայտնի է թվային ոլորտում իր ներդրումներով: Իմ պաշտոնական առաքելությունը Փարիզի շրջանը Եվրոպայի առաջին սմարթ կենտրոնը դարձնելն է: Այս համատեքստում մեր այսօրվա հուշագիրը մեծ դեր ունի»:

INCO-ի հիմնադիր տնօրեն Նիկոլա Ազարն իր հերթին հավելեց. «Մենք ուզում ենք ավելի կայուն ապագա կառուցել և նախաձեռնողների մի սերունդ կրթել, որը ի վիճակի կլինի կառուցել այդ նոր աշխարհն ու հաղթահարել այժմ առկա սոցիալական և բնապահպանական մեծ խնդիրները: Թումոն և Հայաստանը լավագույն վայրն են դրա համար, քանի որ, ինչպես տեսնում եք, այստեղ է նոր սերունդը: Այստեղ են այն մարդիկ, ովքեր ստեղծելու են ապագայի կազմակերպությունները, ապագայի ստարտափները: Նրանք են կերտելու նոր աշխարհը, որն ավելի ներառուն և կենսակայուն կլինի»:

INCO-ն աջակցում է նախաձեռնությունների մեկնարկի ու հետագա բարգավաճման զարգացմանը աշխարհի 20 երկրներում գործող 500 ստարտափերի և 25 զարգացման ծրագրերի կառավարման և համակարգման միջոցով: INCO-ն ձեռնարկում է նաև թրեյնինգներ և իրազեկման նախագծեր այն ձեռնարկատերերի հետ, որոնք առնչվում են բնապահպանական և հասարակական մարտահրավերներին:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագիր է, որի շնորհիվ պատանիները հանձն են առնում սեփկական կրթական ուղին: Թումոյի կրթական ծրագիրն ընդգրկում է դիզայնի և տեխնոլոգիաների միջակայքում ընկած 14 ոլորտ: Ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման վարժանքներից` զուգակցվող գործնական դասընթացներով և հատուկ աշխատարաններով, որոնք վարում են աշխարհի առաջատար մասնագետները: Թումո կենտրոններ են գործում Հայաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում և նոր կենտրոնները սպասվում են շուտով:

Լուսանկարը՝ ԹՈՒՄՈ էջից