Նոյեմբերի 14-15-ը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ Chainpoint 18 միջազգային համաժողովը։
Միջոցառման երկրորդ օրը բլոկչեյն ոլորտը ներկայացնող հայկական 8 ստարտափ միջազգային ներդրողների առջև ներկայացավ փիչերով (pitch –խմբ․)։
Ժյուրիի անդամներն էին ոլորտի լավագույն մասնագետներ՝
– Double Sirius Capital մասնավոր ներդրումային ֆոնդի համահիմնադիր Արթուր Էոլյանը (Artur Eolyan),
– DeStream ընկերության համահիմնադիր Տաճատ Իգիթյանը (Tachat Igityan),
– MuleChain ընկերության հիմնադիր Ռալֆ Լյուն (Ralph Liu),
– DAS Index ընկերության համահիմնադիր Լեոնիդ Մորոզովսկին (Leonid Morozovskiy),
– SmartGateVC գործընկեր Համբարձում Քաղկեցյանը (Hambardzum Kaghketsyan),
– Granatus Ventures-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մանուկ Հերգնյանը (Manuk Hergnyan),
– RACIB ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Գոնչարուկը (Victor Goncharuk),
– Fasttoken ծրագրի ղեկավար Արմեն Չախոյանը (Armen Chakhoyan):
Ելույթների արդյունքում հաղթող ճանաչվեցին Wirestock և Coinstats հայկական ստարտափները։
Նրանք համաժողովի գլխավոր գործընկեր Fasttoken-ի կողմից կստանան աջակցություն։ Աջակցության ձևաչափը կորոշվի Fasttoken-ի, Nooor-ի և հաղթող ստարտափների միջև քննարկման արդյունքում։
Վերոնշյալ ելույթների հիմնական նպատակն էր նախագծերի վերաբերյալ օգտակար կարծիքների հայտնումը, որոնք խթան կհանդիսանան ստարտափների թիմերի համար բարելավելու իրենց նախագծերը և դրանք ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու համար։
Ժյուրիի անդամները շատ համարձակ և բաց, բայց միևնույն ժամանակ կառուցողական կերպով քննադատում էին նախագծերի այս կամ այն հատվածը։ Հնչում էին բավականին հետաքրքիր մեկնաբանություններ, որոնք հնարավորություն տվեցին մասնակիցներին հասկանալու բացթողումները և հետագայում աշխատելու արդեն հիմնավորված խնդիրների վրա։
Հաջողության նշաններից թերևս ամենաակնառուն այն էր, որ միջոցառման ավարտից հետո դեռ որոշ ժամանակ ժյուրին, ներդրողները և ստարտափները խոսում, ծանոթանում և փոխանակվում էին տվյալներով:
Լուսանկարները տրամադրել է «Nooor» բլոկչեյնի հայկական ասոցիացիան։