Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
STEP2-ի շրջանակում 31 ստարտափ ներկայացավ փիչերով
News 26/11/2018 10:10

Նոյեմբերի 23-24-ը Կոնգրես հյուրանոցում կայացավ վենչուրային համաժողով, որի շրջանակում ԵՄ Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի (EU4Business STEP2) եզրափակիչ փուլին մասնակցող 31 ստարտափ ներկայացրեց իր պրոդուկտները:

Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը մասնավորապես նշեց․

«Մրցույթին մասնակցելու համար ստացել ենք ավելի քան 60 հայտ, որից ընտրել ենք՝ 31-ը։ Ասեմ, որ այդ թիմերը այստեղ չեն՝ միմյանց հետ մրցակցելու համար, քանի որ լավագույն նախագծերը միևնույն է կստանան ֆինանսավորում»:

Նշենք, որ հաղթող ստարտափները հայտնի կդառնան նոյեմբերի 27-ին: Նրանք կստանան 6 հազարից 15 հազար եվրո արժողությամբ և 6 ամիս տևողությամբ դրամաշնորհ:

Յուրաքանչյուր ծրագիր պարտավորվում է համաֆինանսավորել դրամաշնորհի արժողության 15%-ի չափով:

«StartHub»-ի հետ զրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության / համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը նշեց, որ ստարտափների փիչերն որակական փոփոխություններ են կրել։

«Վերջին երկու տարիների ընթացքում մենք տեսանք, որ ստարտափների՝ թե՛ գաղափարները, թե՛ թիմերը շատ արագ են զարգանում և մրցույթներին էլ ավելի պատրաստված են ներկայանում»,- նշեց նա։

Նրա խոսքով, STEP-ի նպատակն է խթանել ձեռնարկատիրությունը, ստեղծել արժեք՝ դինամիկ մասնավոր հատված ունենալու համար։ Իսկ ստարտափ էկոհամակարգն այստեղ տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման համար կարևոր շարժիչ ուժն է։ Ուստի խրախուսվում է ՏՏ ստարտափների այս տեսակ ֆինանսավորումը` ԵՄ-ի կողմից։

Մրցույթի ընթացքում ստարտափներին գնահատում էին ՏՏ էկոհամակարգի վառ և փորձառու ներկայացուցիչներ։

Մեր հարցին, թե ո՞րն է լավագույն փիչ ունենալու գրավականը, «Schellenberger Ventures GmbH» գլխավոր տնօրեն Քրիստիան Շելլենբերգերը (Christian Schellenberger) նշեց․

«Ամենակարևորն այն է, որ ելույթները լինեն այնպիսին, որ ենթադրենք ես ինքս զգամ իմ ներգրավածությունը ներկայացման ընթացքում։ Բացի այդ, ելույթ ունեցողը պետք է կարողանա անձամբ սիրել իր պրոդուկտը, թիմն այնպես, որ դա զգացվի։ Իհարկե, շատ կարևոր է, երբ նա քաջ գիտակցի, թե ո՞րն է իր տեսլականը, շուկան, զարգացմանն ուղղված քայլերը և այլն։ Ու այդ ամենը հստակ և կառուցողական ներկայացնի ժյուրիի դատին»։ 

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ին, Կոնգրես հյուրանոցում:

Մրցույթն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ։

Լուսանկարները՝ Անահիտ Լալայանի