Նոյեմբերի 25-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «ՏՏ ոլորտը` երեխաների համար» (IT for Children) նախաձեռնության շրջանակում կայացավ «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» բարեգործական առաջին խաղը՝ ՏՏ կազմակերպությունների համար։
Մասնակցության համար ՏՏ կազմակերպությունների կողմից նվիրաբերված գումարը կուղղվի Երևանի և Վանաձորի կենտրոններում մոտ 300 ծայրահեղ անապահով երեխաների և միայնակ տարեցների մեկ տարվա սնունդն ու այլ կարիքներն ապահովելուն։
«Այսօրվա միջոցառման առաքելությունն է համախմբել Հայաստանի ՏՏ կազմակերպությունները «ՏՏ-ն՝ երեխաների համար» գաղափարի շուրջ։ Այսինքն՝ այս միջոցառումը մեծ արշավի շրջանակներում է և կրելու շարունակական բնույթ։ Մենք համոզված ենք, որ ինտելեկտը կարող է սարեր շրջել»,- մեզ հետ զրույցում նշեց «Օրրան» բարեգործական հիմնադրամի ֆանդրեյզեր, նախագծերի ղեկավար, փիար մենեջեր Ռուզաննա Դուրունցը։
Նա մեզ նաև տեղեկացրեց, որ խաղի գլխավոր մրցանակ և խորհրդանիշ բուն պատրաստել են հենց կենտրոնի սաներն՝ իրենց վարպետի օգնությամբ։ Նրանք նաև պատրաստել էին մի շարք հուշանվերներ՝ թիմերի համար։
Նշեմ, որ խաղի ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան հղել իրենց կողմից պատրաստված հարցերը՝ տեսահարցի միջոցով։
«Synopsys Armenia» ընկերության խմբի ղեկավար, նաև խաղում «Սիլիկոնյան ՀոբբիԹ» թիմի կապիտան Նորայր Ասլանյանը «StartHub»-ին հայտնեց, որ ուսանողական տարիքում հետաքրքրված են եղել այս խաղով, ուստի մասնակցության առաջարկն ընդունել են մեծ ուրախությամբ։
«Այս խաղին մասնակցության գլխավոր նպատակն է սեփական ուժերի գնահատումը։ Երկրորդ՝ բարեգործություն անելու հնարավորությունը, ինչը ոչ պակաս կարևոր է»,- նշեց նա։
«Digitain» ընկերության ներքին հաղորդակցության մասնագետ Անի Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ այս խաղը շատ են կարևորում իրենց կազմակերպությունում։ Ավելին՝ պարբերաբար կազմակերպում են նման ներքին խաղեր։
Թեժ և լարված խաղի արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց Bet Construct ընկերությունը ներկայացնող թիմը, որը բացի գլխավոր մրցանակից արժանացավ բազմաթիվ այլ հետաքրքիր նվերների։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Խուստուփը (Synopsys Armenia), իսկ երրորդ տեղի համար պայքարում հաղթեց Workfront-ը։
Օրրան բարեգործական հիմնադրամը շուրջ 18 տարի Երևանի և Վանաձորի կենտրոններում հոգ է տանում մոտ 300 ծայրահեղ անապահով երեխաների և միայնակ տարեցների մասին: