Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ջեյմս Թրուշարդին շնորհվել է ՀԱՊՀ Պատվավոր դոկտորի կոչում
News 03/12/2018 05:44

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2018 թվականի դափնեկիր, «Նեյշնլ Ինսթումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը նոյեմբերի 30-ին հյուրընկալվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Ջեյմս Թրուշարդի ակնառու ներդրման համար և ի նշանավորումն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Ջեյմս Թրուշարդին շնորհվեց ՀԱՊՀ Պատվավոր դոկտորի կոչում:

Ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը ողջունեց լեգենդար հյուրին։ «Պոլիտեխնիկը, լինելով երկրի առաջատար գիտատեխնիկական բուհը, անչափ կարևորում է տեխնիկական կրթության դերը Հայաստանի գիտահեն տնտեսության կառուցման գործում: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի արժանացած անհատներին Պոլիտեխնիկի պատվավոր դոկտորի կոչում շնորհելով մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում նրանց համաշխարհային ՏՏ ոլորտում կատարած բացառիկ ներդրման համար, այլև բուհի ուսանողներին ու դասախոսական կազմին հնարավորություն ենք ընձեռում անձամբ հանդիպելու ՏՏ ոլորտն առաջնորդող համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերին և քննարկելու այդ ոլորտում իրենց հուզող և հետաքրքրող հիմնահարցերը»,- նշեց ՀԱՊՀ ռեկտորը։

Հանդիսավոր արարողությունից հետ Ջեյմս Թրուշարդը ներկայացրեց իր համահիմնադրած ընկերության` «Նեյշնլ ինսթրումենթսի» անցած տեխնոլոգիական զարգացման ճանապարհը, անդրադարձավ ժամանակակից ինժեներության մարտահրավերներին ու հիմնական ուղղություններին, պատասխանեց ուսանողների ու դասախոսական կազմի հարցերին։

«Անչափ ուրախ եմ, որ մեր ընկերությունը պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ Հայաստանում ժամանակակից սարքավորումներով լաբորատորիաների ստեղծման ծրագրեր է իրականացնում։ Ինձ համար գերագույն հաճույք է լինել այս համալսարանի պատերի ներսում և գնահատված ու ճանաչված զգալ»,- շնորհակալական խոսքում ասաց Ջեյմս Թրուշարդը։

Դոկտոր Թրուշարդը շրջեց Նեյշնլ Ինսթրումենթս-ՀԱՊՀ համագործակցության արդյունքում ստեղծված «ԱՆԵԼ» կենտրոնում, ծանոթացավ ուսանողների համար նախատեսված լաբորատորիաներին։ Շրջայցի ավարտին նա նշեց, որ տպավորված է կենտրոնով և այն պայմաններով, որոնք ստեղծված են հայ երիտասարդների` որակյալ ինժեներական կրթություն ստանալու համար։

Ջեյմս Թրուշարդն այցելեց նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերություն։ Ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջեց ուսումնական մասնաշենքում, զրուցեց այնտեղ ուսանող երիտասարդների հետ։

Հյուրին ներկայացվեց նաև ընկերության համագործակցությունը հայաստանյան և շատ այլ երկրների բուհերի հետ։

Այնուհետև «Սինոփսիս»-ի աշխատակիցների հետ հարցուպատասխանի ձևաչափով տեղի ունեցավ նաև հանդիպում, որի ընթացքում Ջեյմս Թրուշարդը պատմեց իր հաջողության գաղտնիքները, խոսեց իր նախասիրությունների մասին, ներկայացրեց Հայաստանի մասին իր տպավորությունները։

Լուսանկարը՝ նախարարության պաշտոնական կայքից