Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Arcnet և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) կողմից կազմակերպված քննարկումը՝ դիպլոմների կեղծարարության կանխարգելմանն ու հայաստանյան կրթական հաստատությունների հեղինակության պաշտպանման հարցերի շուրջ։
«Դեկտեմբերի 2-ին Իսրայելում ձերբակալվել են տասնյակ բժիշկներ՝ Հայաստանում կեղծ դիպլոմներ ստանալու կասկածանքով։ Նմանատիպ բարձր հնչեղություն ունեցող միջադեպերը վտանգում են հայկական կրթական հաստատությունների հեղինակությունն ու վարկանիշը», – ասել է Arcnet-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վահե Մկրտչյանը։
Քնարկման բանախոսներն էին՝
Արամ Հաջյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Գիտության և ճարտարագիտության բաժանմունքի դեկան;
Ռուբեն Գևորգյան, պրոֆեսոր, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոն;
Քրիստինա Սարգսյան, Hi-tech և գործարարական նախագծերի կոորդինատոր, Հայաստանում Ֆրանսիական Համալսարան;
Վազգեն Մանուկյանը՝ Arcnet-ի համահիմնադիր և տեխնիկական գծով տնօրեն։
Բանախոսությունը վարում էր ISTC-ի Բիզնեսի զարգացման ղեկավար Արեգ Գևորգյանը։
Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ArmENIC) Գնահատման մասնագետ Նազանի Գևորգյանը ներկայացրեց «Կեղծարարությունը միջազգային բարձրագույն կրթության մեջ» հետազոտության արդյունքները։
Բանախոսները քննարկեցին կեղծ դիպլոմների, կոչումների քանակի աճի հիմնական պատճառները և հնարավոր լուծումները։ Քննարկման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր առաջատար տեխնոլոգիաների, հատկապես բլոկչեյնի, կիրառումը որպես կեղծարարությունը կանխարգելելու միջոց։
Arcnet-ի համահիմնադիր և տեխնիկական գծով տնօրեն Վազգեն Մանուկյանը ներկայացրեց՝ ինչպես կարելի է կանխարգելել դիպլոմների կեղծումը բլոկչեյնի օգնությամբ։ Մասնավորապես, նա նշեց բլոկչեյնով թողարկված դիպլոմների առավելությունները․
Հետագծելիություն ու թափանցիկություն․ Դիպլոմների թողարկման ամբողջ գործընթացը թափանցիկ է և ստուգելի։
Տվյալների անփոփոխելիություն․ Դիպլոմի բովանդակությունը փոփոխման ենթակա չէ։
Անվտանգություն․ Արձանագրությունները բլոկչեյնում կրիպտավորված են։ Բացի դրանից տվյալների պահպանումը դեկենտրոնացված է, ինչը ապահովում է տվյալների անձեռնմխելիությունը։
Arcnet-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վահե Մկրտչյանը ներկայացրեց ընկերության կողմից մշակված ArcCert սերտիֆիկացիոն հարթակը, որը նախատեսված է բլոկչեյնով դիպլոմների և սերտիֆիկատների թողարկման համար։
Պարոն Մկրտչյանի խոսքերով, Arcnet-ը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ փորձարկել ArcCert հարթակը՝ ISTC առաջին բլոկչեյն դիպլոմների թողարկման համար։
Arcnet-ի մասին
Arcnet-ը հայկական ստարտափ է, որը ստեղծում է բլոկչեյնի վրա հենվող ծրագրեր։ Arcnet-ը ստեղծել է ArcCert ծրագիրը, որը բլոկչեյնի վրա հիմնված դիպլոմների և սերտիֆիկատների թողարկման հարթակ է։
Լուսանկարները՝ Arcnet