Դեկտեմբեր, 2021
December 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
2019 թվականին Հայաստանը կհայտնվի բլոկչեյնի առաջատարների շարքում
News 18/12/2018 12:18

2018 թվականն առանձնացավ Հայաստանում բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման նախապայմանների ապահովմամբ։ Հարթակ ստեղծվեց բլոկչեյն ստարտափների հիմնադրման, դրանց առաջխաղացման համար։ Ոլորտում միջազգային և տեղի մասնագետների միջև փորձի փոխանակման արդյունքում սկսեց ամրապնդվել լոկալ բլոկչեյն համայնքը, որն ունի բավարար ներուժ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու համար։ Այս մասին «StartHub»-ին տեղեկացրին «Nooor» բլոկչեյնի հայկական ասոցիացիայի մամուլի ծառայությունից։ 

Նոյեմբերի 14-15-ը Երևանում կայացավ ChainPoint 18 բլոկչեյնի միջազգային համաժողովը, որը միավորել էր միջազգային և լոկալ բլոկչեյն համայնքի ներկայացուցիչներին։ Համաժողովը եզակի էր տարածաշրջանում իր ֆորմատով, հրավիրված բանախոսներով և քննարկվող թեմաների լայն շրջանակով։ Միջոցառումը շրջադարձային եղավ Հայաստանի համար՝ ապահովելով երկրի տեղը` որպես գիտելիքի կենտրոն, բլոկչեյն տեխնոլոգիայի համաշխարհային քարտեզի վրա։

 

Համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում արդեն իսկ ձևավորվել են աշխատանքային խմբեր մի շարք երկրների բլոկչեյն համայնքների ներկայացուցիչների հետ։ Մշակվում են նաև համատեղ լայնածավալ նախագծեր Ռուսաստանի, Ուկրաինայի, Շվեյցարիայի և Չինաստանի` ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ, որոնք ուղղված են տարածաշրջանում բլոկչեյնի զարգացման խթանմանը, ենթակառուցվածքների ձևավորմանը և ներդրումների ներգրավմանը: Առաջին արդյունքներն անկնկալվում են արդեն 2019 թվականին:

Համաժողովի մասնակիցների և հրավիրյալ բանախոսների կարծիքով համաժողովը կարևոր նշանակություն ունեցավ իրենց համար թե՛ գիտելիքների և կապերի ձեռքբերման, արդիական թեմաների քննարկման առումով, և թե՛ Հայաստանի՝ որպես բլոկչեյն տեխնոլոգիայի առաջմղման հարթակի ճանաչման համատեքստում։ Համաժողովի ամփոփիչ հոլովակը կարող եք դիտել այստեղ։

Լուսանկարը տրամադրել է «Nooor» բլոկչեյնի հայկական ասոցիացիան