Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2018-ին իրականացրել է տասնյակ ծրագրեր՝ ուղղված Հայաստանի գիտակրթական, գործարար և ռազմարդյունաբերության ոլորտների աջակցմանը: Այս և 2019-ի հավակնոտ ու լայնամասշտաբ ծրագրերի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել են ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Այս մասին «StartHub»-ին տեղեկացրին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության Հանրային կապերի բաժնից։
2018-ին Միությունը ընդլայնել է իր գործունեության ոլորտը՝ ներառելով առաջատար տեխնոլոգիաների ոլորտը: ԱՏՁՄ-ին այժմ անդամակցում են ոչ միայն տեխնոլոգիական, այլև տնտեսության այլ ոլորտների ընկերություններ, իսկ Միության աշխատանքները ուղղված են տարբեր ոլորտների շահերի պաշտպանմանն ու աջակցմանը: Միությանն այս պահին անդամակցում են 80 ընկերություն:
Խոսելով ԱՏՁՄ-ի գործունեության ռազմավարական ուղղություններից՝ բանախոսները կրթության ոլորտում առանձնացրել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնց թիվն արդեն 250 է, իսկ աշակերտների քանակը՝ 5300, «ԱրմՌոբոտիքս», «ԴիջիԿոդ», «ԴիջիՔեմփ», «Արմաթ» տեխնոլոգիական ամառային ճամբար, Իրական դպրոց կրթական ծրագրերը: Ընդհանուր թվով ԱՏՁՄ-ի կրթական ծրագրերում այս տարի ընդգրկված են եղել շուրջ 5500 դպրոցական:
– Իրական դպրոցը, որը գործում է 2016 թ-ից Ինստիգեյթ ուսումնական կենտրոն հիմնադրամի և ԱՏՁՄ-ի ջանքերով, իրականացնում է «Համակարգերի տեսություն» մասնագիտությամբ փորձարարական ծրագիրը։ Երևանից բացի, արդեն գործում են նաև Վանաձորի և Գյումրու մասնաճյուղերը: Ընդհանուր թվով Իրական դպրոցում ուսանում է 119 աշակերտ։
Միությունը իրականացրել է ինովացիոն և տեխնոլոգիական մի շարք գործարար միջոցառումներ:
– Վերջերս Դիլիջանում կայացավ Բիզնես ինովացիոն 6-րդ ամենամյա ֆորումը, որի շրջանակում նախագծվել է Հայաստանի արդիականացման ծրագիրը:
Բիզնես ինովացիոն ֆորումն ընթացավ մեծ հաջողությամբ՝ արձանագրելով թե՛ բիզնեսի, և թե՛ պետական կառույցների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ, մասնավորապես՝ տեխնոլոգիական, կրթական և ձեռներեցության ոլորտների, ինչպես նաև ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների շուրջ 120 ներկայացուցիչներ:
Ֆորումի շրջանակում ԱՏՁՄ-ի և ԱԱԾ-ի միջև կնքվեց «Հայաստանի կիբեր անվտանգությունն ապահովելու ոլորտում» փոխհամագործակցության մասին հուշագիր:
– Ամռանը կայացած 11-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում մասնագիտական քննարկումներ են տեղի ունեցել ռազմարդյունաբերության (փակ քննարկում), կրթության, կիբեռանվտանգության, վերականգնվող էներգիայի, էլեկտրոնային կառավարման, իրերի ինտերնետի (IoT), լրացված և վիրտուալ իրականության (AR/VR), արհեստական բանականության և տվյալների գիտության, ինչպես նաև ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի՝ GDPR թեմաներով:
Բացի այդ, ԱՏՁՄ-ն ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական մոդեռնիզացիայի ծրագիր 3 բաղադրիչով.
1) Ստեղծել Ինովացիաների և տեխնոլոգիական զարգացումների նախարարություն
2) Ձևավորել CIO (գլխավոր տեղեկատվական կառավարիչ) մարմին, որը պատասխանատու կլինի պետական համակարգերի համընդհանուր ստանդարտների և միասնական բազաների ստեղծման համար
3) Ստեղծել Ռազմարդյունաբերության նախարարություն՝ տարանջատելով այն բանակից:
– Սեպտեմբերին ԱՏՁՄ-ն Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի աջակցությամբ Երևանում կազմակերպել էր հայ-ամերիկյան գործարար ֆորում, որտեղ ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և քննարկվել հայ-ամերիկյան ՏՏ գործակցությունը:
– ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի համախմբեց ՏՀՏ ոլորտի շուրջ 120 ընկերությունների ու ծրագրերի և մոտ 80 հազար այցելուների: Բանախոսները նշում են, որ արդեն վաղուց ակտուալ է դարձել Հայաստանում կոնվենցիաների կենտրոնի ստեղծման հարցը, որպեսզի հնարավոր լինի իրականացնել նման խոշոր միջոցառումներ:
ԴիջիԹեք են այցելել նաև Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական համաժողովի հյուրերն ու ներկայացուցիչները:
Այս տարի ցուցահանդեսն առանձացավ նաև գործարար կապերի հաստատման արդյունավետությամբ:
ԴիջիԹեքի շրջանակում հայտարարվել է 2019-ին Երևանում անցկացվելիք «ՏՏ համաշարհային համաժողով»-ի (WCIT 2019) հետհաշվարկը: Այն Հայաստանում կանցկացվի 2019թ. հոկտեմբերի 6-9-ը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
– Միությունը WCIT 2019 -ը Հայաստանում անցկացնելու համար աշխատանքներ է տանում դեռևս 2014 թվականից: ՏՏ Համաշխարհային համաժողովը Հայաստանում հյուրընկալելու մրցույթում որպես այցեքարտ է հանդիսացել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի մոդելը:
Այս տարի Միության անդամները Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում մասնակցել են WCIT-ին և վերադարձել այն Հայաստանում անցկացնելու էստաֆետով:
Համաժողովի կազմակերպիչ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) ղեկավարները 2018-ին հանդիպումներ են ունեցել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն արդեն ձեռք է բերել մի շարք պայմանավորվածություններ WCIT 2019-ին միջազգային առաջատար ընկերությունների մասնակցության վերաբերյալ: Օրեր առաջ Ա. Եսայանը հանդիպել է Թայվանի Տնտեսական գործերի նախարար Չեն Ջոնկ-չինի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Թայվանի մի շարք ՏՏ ընկերությունների այց Հայաստան ինչպես առաջիկա ամիսներին, այնպես էլ հոկտեմբերին՝ Հայաստանում անցկացվելիք WCIT 2019-ի շրջանակում: