Դեկտեմբերի 23-ից 25-ը Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում կանցկացվի «Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» համաժողովը, որը կազմակերպում է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ)՝ PMI Science-ի աջակցությամբ: Այս մասին «StartHub»-ին տեղեկացրին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի մամուլի ծառայությունից։
Ֆորումի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի բիզնես և գիտահետազոտական հաստատություններում առկա առաջատար տեխնոլոգիաները՝ աշխատանքային կապերի խթանման, գործընկերության և հետագա համագործակցության նպատակով:
Հետազոտություններ և տեխնոլոգիաներ համաժողովը կհամախմբի շուրջ 150 մասնակցի՝ համալսարաններից և հետազոտական հաստատություններից, ստարտափ ընկերություններից, ՏՏ ոլորտի և ինժեներական կազմակերպություններից, ինկուբատորներից:
Միջոցառմանը մասնակցելու համար կարող են դիմել մասնավոր հատվածի և բիզնեսի ներկայացուցիչներ:
Դիմում-հայտը հասանելի է հետևյալ հղմամբ:
Երկօրյա միջոցառման շրջանակում կներկայացվեն բիզնես-հետազոտական համագործակցության հաջողված պատմություններ, կանցկացվեն խմբակային սեմինարներ և այդ քննարկումների վերաբերյալ թիմերի ներկայացումներ:
Համաժողովի ընթացքում գիտահետազոտական հաստատությունների /համալսարանների և բիզնես ոլորտի ներկայացուցիչները կհամախմբվեն հետևյալ ոլորտների շուրջ՝
– Մեքենայական ուսուցում / Տվյալագիտություն;
– Մոդելավորում, Սիմուլացիա, Ճարտարագիտություն;
– Կենսատեխնոլոգիա, Քիմիա, Նյութագիտություն / Տեխնոլոգիա:
Հայաստանում գործում են շուրջ 1000 բարձր տեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք հիմնականում զարգացնում են միջազգային շուկայի ապրանքները, ծառայությունները և լուծումները:
Այս համաժողովը ստեղծվել է որպես ստարտափների, գործարարների և հետազոտական հաստատությունների համագործակցության հարթակ՝ կողմերի հիմնական կարողությունները բացահայտելու նպատակով:
Միջոցառման մանրամասները՝ կայքում:
Լուսանկարը՝ ՁԻՀ-ի ֆեյսբուքյան էջից