Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Քննարկվել է Չեխիայում «Թումո»-ի և «Արմաթ»-ի մասնաճյուղեր բացելու հարցը
News 24/12/2018 13:53

Դեկտեմբերի 19-20-ին Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից։ 

Նիստը հայկական կողմից համանախագահել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, չեխական կողմից՝ Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը։ Հայկական կողմից պատվիրակության կազմում էին նաև Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը և Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, ովքեր երկկողմ հանդիպումներ են ունեցել ոլորտային նախարարություններում։

Մանե Ադամյանը գործընկերներին ներկայացրել է հայկական կողմի աշխատանքները թափանցիկ և մրցակցային գործարար միջավայր ապահովելու, ինչպես նաև ներդրումների խրախուսման և պաշտպանության ուղղություններով, մատնանշել Հայաստանի քաղաքական կյանքում նոր իրողություններով պայմանավորված տնտեսական բարեփոխումները։ Ի պատասխան՝ Վլադիմիր Բարտլը խոստացել է չեխական մասնավոր հատվածին տեղեկացնել Հայաստանի ընձեռած գործարար և ներդրումային հնարավորությունների մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առևտրատնտեսական կապերի խորացման և դիվերսիֆիկացման նպատակով: Մասնավորապես` քննարկվել են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության և գիտակրթական բնագավառներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Հայկական կողմը առաջարկել է չեխական ընկերություններին դիտարկել Թալինում, Մեծ Մասրիկում, Դաշտադեմում և Մերձավանում արևային կայանների հիմնման բաց մրցույթներին մասնակցությունը: Գյուղատնտեսության բնագավառում առաջարկվել է համագործակցել կաթի վերամշակման և պանրի համատեղ արտադրության ուղղություններով: Քննարկվել է նաև հակակարկտային համակարգերի արտադրության և կիրառման չեխական փորձը:

Նիստի ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների ներուժը բարձր տեխնոլոգիաների և ինովացիայի ոլորտներում։ Հաշվի առնելով չեխ գործընկերների հետաքրքրությունը` հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ ինֆորմացիա և կոնտակտներ տրամադրել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հնարավոր մասնաճյուղեր Չեխիայում բացելու նպատակով: Համաձայնեցվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության և Չեխիայի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարարությունների միջև ոլորտային համագործակցության մասին համաձայնագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագրի տեքստերը, որոնք կստորագրվեն կողմերի ներքին ընթացակարգերով հաստատվելուց հետո:

Նիստի ընթացքում կողմերը ողջունել են ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցված հաջողությունները և պատրաստակամություն հայտնել խորացնելու հայ-չեխական երկկողմ հարաբերությունները Արևելյան գործընկերության շրջանակներում։

Միջկառավարական նիստին զուգահեռ հանդիպումներ են կազմակերպվել տարբեր ոլորտների հայ և չեխ գործարարների հետ՝ Հայաստանում հնարավոր ներդումների ներգրավման և հայ-չեխական առևտրաարդյունաբերական պալատի հիմնման նպատակով։ Հայկական պատվիարկության անդամները այցելել են աղբի վերամշակման Պրահայի ամենամեծ ԶԵՎՈ Մալեշիցե գործարան` աշխատանքներին տեղում ծանոթանալու համար։ «Տեխնոէքսպորտ» բազմապրոֆիլ ընկերության գործադիր տնօրենը ցանկություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան` մի քանի հնարավոր ներդրումային ծրագրեր տեղում քննարկելու նպատակով:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը կայացել է 2014թ. սեպտեմբերին Երևանում, երկրորդը՝ 2016թ. ապրիլին Պրահայում, իսկ երրորդը՝ 2017թ. սեպտեմբերին Երևանում:

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայություն