«Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» համաժողովը՝ կամուրջ գիտության և բիզնեսի միջև
News 25-12-2018 12:37

Դեկտեմբերի 23-ից 24-ը Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ), PMI Science-ի աջակցությամբ, կազմակերպել էր «Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» համաժողովը: Այս մասին «StartHub»-ին տեղեկացրին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Երկօրյա համաժողովը միավորել է շուրջ 100 ներկայացուցչի՝ համալսարաններից և հետազոտական հաստատություններից, ստարտափ ընկերություններից, ՏՏ ոլորտի և ինժեներական կազմակերպություններից, ինկուբատորներից:

Ֆորումի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի բիզնես և գիտահետազոտական հաստատություններում առկա առաջատար տեխնոլոգիաները՝ աշխատանքային կապերի խթանման, գործընկերության և հետագա համագործակցության նպատակով:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը «Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» համաժողովի շրջանակում ասել է․

«Ֆորումի արդյունքում կարևոր է կոտրել սառույցը և բարենպաստ միջավայր ստեղծել բարձր տեխնոլոգիական ոլորտի, մասնավոր հատվածի և գիտնականների ու հետազոտողների միջև՝ իրական աշխատանքային համագործակցություն խթանելու նպատակով»:

«Այսօր Հայաստանում «Ֆիլիպ Մորրիս» ընկերության հետազոտական ծրագրերի վերաբերյալ երբեմն առկա է թյուրըմբռնում։ Այն հաճախ նույնացնում են ծխախոտի արտադրության հետ, ինչն իրականում այդպես չէ։ Պետք է միանշանակ հասկանալ, որ հետազոտական գիտական աշխատանքները կապ չունեն որևէ կոնկրետ բիզնեսի գովազդի հետ: Այսօրվա համաժողովը դրա վառ օրինակն է»,- նշել է PMI R&D էկոհամակարգի մենեջեր Մարիամ Դավթյանը:

«Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» համաժողովի շրջանակում PMI Science-ը կրթաթոշակներ է հանձնել ՀԱՊՀ Համակարգային Ինժեներիա և ԵՊՀ Տվյալագիտության մագիստրոսական ծրագրերի ուսանողներին։ Դրամաշնորհային ողջ գործընթացը կոորդինացվել է ՁԻՀ-ի կողմից։

Գիտնականների ու հետազոտողների և մասնավոր բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել են նաև վորքշոփեր՝ հետևյալ ոլորտների շուրջ՝

- Մեքենայական ուսուցում / Տվյալագիտություն,

- Մոդելավորում, Սիմուլացիա, Ճարտարագիտություն,

- Կենսատեխնոլոգիա, Քիմիա, Նյութագիտություն / Տեխնոլոգիա:

Համաժողովի մասնակիցներից Երևանի Պետական Համալսարանի ներկայացուցիչ Վադիմ Օհանյանի խոսքով, կազմակերպված միջոցառումը կարծես կամուրջ լինի, որն օգնում է հասկանալ բիզնեսի և գիտության ուղղությունների կարիքները և լուծումներ առաջարկել:

«Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» համաժողովը նպաստում է, որ մասնավոր բիզնեսի և գիտության ու հետազոտական ուղղությունների միջև համագործակցության նոր հորիզոններ բացվեն»,- նշել է նա:

«Բիզնեսն ու գիտությունը կարիք ունեն կառուցողական երկխոսության, որի արդյունքում լսելի կդառնան միմյանց համար և հիմք կդնեն ապագա համագործակցության: Երկրի տնտեսական զարգացումն ապահովելու համար բիզնեսն ու գիտությունը պետք է ընթանան միասին՝ ապահովելով երկուստեք հաջողություն»,- իր հերթին ընդգծել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) համակարգող Ամալյա Մխիթարյանը:

Լուսանկարը՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի մամուլի ծառայություն