Beeline Ստարտափ Ինկուբատորում կայացավ հերթական մոնիթորնգը, որի ընթացքում ստուգվեց ստարտափների աճը. նրանք ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը, ինկուբատորում կազմակերպվող դասերից և հանդիպումներից ստացած գիտելիքները։
Վերջին երկու մոնիթորինգի ընթացքում ստարտափներից պահանջվում է նաև ներկայացնել իրենց ֆինանսական պլանը, պահանջվող ներդրման չափը և դրա ծախսման ուղղությունները: Լավագույն առաջընաց ունեցող ստարտափներ կրկին ճանաչվեցին Tap Tap-ը, eSwap-ը, և LinguaStorm-ը:
eSwap-ը տարբեր առցանց խանութների միացման և էլեկտրոնային առևտրի կառավարման համակարգ է, TapTap-ը խաղային տարրերով հագեցած տուրիստական հավելված է ու թույլ է տալիս ճանապարհորդել առանց գիդի, իսկ LinguaStorm-ը միջազգային օնլայն դասավանդման հարթակ է, տրամադրում է 16 օտար լեզուների ավելի քան 40 դասընթացներ` բոլոր մասնագիտական ուղղություններով։
«Ամեն ամիս մենք ունենում ենք նման մոնիթորինգ և ուրախությամբ ենք տեսնում, թե ինչպես են աճում ու զարգանում մեր ստարտափները։ Մեր կարևորագույն նպատակն է նրանց սովորեցնել բիզնեսի վարման հիմունքները, որպեսզի նրանք կարողանան մեծ հաջողությունների հասնել որպես գործարարներ։ Որպես մեծ ընկերություն մենք պատկերացնում ենք, թե ինչ կարող են ներդրողներն ակնկալել սկսնակ կազմակերպությունից», – նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Երկրորդ ինկուբացիոն շրջանի ընթացքում ստարտափների համար կազմակերպվել են տարբեր սեմինարներ և վարպետության դասեր՝ ձեռնարկատիրության, բիզնեսի, նորարարության, գաղափարի վավերացման, շուկայի գնահատման և ամենակարևորը թիմի ձևավորման և թիմային աշխատանքի մասին։ Beeline Ստարտափ Ինկուբատորը հյուրընկալել է միջազգային հեղինակություն ունեցող գործարարների, ներդրողների և ստարտափ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների։