Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Տեխնոլոգիաներն ուղղորդվում են դեպի մարզեր. հերթը Գեղարքունիքի մարզինն է
News 25/01/2019 08:45

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Գեղարքունիքի մարզպետարանը, Գավառի պետական համալսարանը և Luseen Technologies ընկերությունն այսօր քառակողմ հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր:

Ծրագրի նպատակն է նպաստել Գեղարքունիքի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը, աջակցել ոլորտում աշխատող երիտասարդների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Հայ օգնության ֆոնդի կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակում Գավառում կանցկացվեն 6 ամիս տևողությամբ դասընթացներ երկու ուղղություններով՝ մոբայլ ծրագրավորում (Swift, iOS) և վեբ ծրագրավորում (HTML/CSS, JavaScript, PHP, DB): Ամսավճարը կկազմի 10,000 դրամ:

Դասընթացը կմեկնարկի մարտի 1-ին: Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 22-ն է (ներառյալ):

Հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով:

Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:

Բոլոր խմբերի համար անգլերենի, ալգորիթմների տեսության և դիսկրետ մաթեմատիկայի դասընթացներին մասնակցությունը պարտադիր է: 

Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:

«Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացումը դառնալու է դրանց հզորացմանը նպաստող լուրջ քայլ: Սա իրական հնարավորություն է աշխատատեղեր ստեղծելու ՏՏ ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար, այդպիսով կանխելով նրանց արտագաղթը մարզից և առհասարակ Հայաստանից»,- հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ևս ողջունել է ծրագիրը՝ նշելով, որ երկրի զարգացման կարևոր գրավական է մարզերի զարգացումը։ Իսկ մարզում ռազմավարական նշանակություն ունի բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը։ Բուհը պատրաստում է ապագայի մասնագետներ, որոնց համար բարձր տեխնոլոգիաներին տիրապետումը հրամայական պահանջ է։

«Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետն ավելի քան երկու տասնամյակ իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր՝ ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, համակարգչային ճարտարագիտություն մասնագիտությունների գծով։ Մեր բազմաթիվ շրջանավարտներ հաջողությամբ աշխատում են իրենց մասնագիտությամբ Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում։ Ծրագրի շրջանակում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներուժն ու տեխնիկական հնարավորությունները կներդրվեն՝ Գեղարքունիքի մարզի երիտասարդներին ծրագրավորման լեզուներ, օտար լեզու,  ուսուցանելու, մաթեմատիկական գիտելիքներ փոխանցելու, դպրոցների բարձր դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշման  նպատակներով»,- ընդգծել է Ռուզաննա Հակոբյանը:

«Մեր երկրի համաչափ զարգացման համար շատ կարևոր է հնարավորություններն ուղղորդել դեպի մարզեր, մարզերում ապրող երիտասարդներին ներգրավել այնպիսի ծրագրերում, որոնք խթան կհանդիսանան աշխատատեղերի ստեղծման և արտագաղթի նվազման համար»,- հավելել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։