Հայաստանում Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կազմակերպեցին Պեչա-կուչա երեկո «Friends with Technology» վերնագրով, որի ընթացքում տարբեր ոլորտերի փորձագետներ և ստարտափների հիմնադիրներ ներկայացրեցին և քննարկեցին տեխնոլոգիաների դերն ու ապագան մեր կյանքում։
Միջոցառման ընթացքում խոսնակները քննարկեցին, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները ձևավորում ժամանակակից կրթությունը, ինչպիսին է լինելու հեռահաղորդակցության ոլորտն ապագայում, բացահայտեցին թվային պատումի ներուժը զարգացման ոլորտում, փառատոնային ոլորտի նորարարությունները։
«Այսօր տեխնոլոգիաները և ինտերնետը մեր կյանքի և կենցաղի անբաժան մասն են կազմում, ու հեռահաղորդակցության կազմակերպությունների, տեխնոլոգիաներով զբաղվող ստարտափների համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ուղղությամբ է պետք զարգանալ և աշխատել, որպեսզի հաճախորդներին նոր, հարմար և 21-րդ դարի պահանջներին համապատասխանող ծառայություններ տրամադրեն», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Տեխնոլոգիական նորարարություններն այլևս անբաժանելի մասն են կազմում ցանկացած ոլորտի, լինի մշակույթ, կրթություն, տնտեսություն, հեռահաղորդակցություն թե հասարակական ծառայություններ։ Ցանկացած խնդիր ներկայումս կարող է ունենալ իր տեխնոլոգիական լուծումը, և նմանատիպ հանդիպումները կարող են հիանալի գաղափարներ տալ երիտասարդ ձեռներեցներին»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Միջոցառումը կազմակերպվեց պրոդուկտի մշակման ճամբարի/product bootcamp/ շրջանակում, որն ուղղված է երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը և նորարար գաղափարներ ունեցող երիտասարդներին մենթորության տրամադրմանը։
Պրոդուկտի մշակման ճամբարի հաղթող երկու թիմերը՝ Festberg և Rendchain-ը երեկոյի ընթացքում ներկայացրեցին ճամբարի ընթացքում մշակած իրենց նոր պրոդուկտները։ Festberg թիմի մշակած հավելվածը նախատեսված է կինոփառատոնների համար և նոր փորձառություն կբերի այս ոլորտ՝ կինոսիրահարների և փառատոնների կազմակերպիչների գործունեությունը դարձնելով ավելի արդիական և արդյունավետ։ Rendchain թիմի անդամները միջոցառման ընթացքում ներկայացրեցին, ինչպիսին է լինելու տեխնոլոգիական աշխարհն առանց սերվերային դարաշրջանի։
Պեչա-Կուչա երեկոները ոչ ֆորմալ և ուրախ հանդիպումներ են։ Մարդիկ հավաքվում են՝ գաղափարներ, մտքեր ու տեսակետներ կիսելու տարբեր թեմաների շուրջ։ Խոսնակը 20 պատկեր է ցույց տալիս՝ յուրաքանչյուրը 20 վայրկյան տևողությամբ։ Պատկերները ինքնաբերաբար փոխվում են, մինչդեռ խոսողը պետք է հասցնի փոխանցել միտքը և հետ չընկնի։ Սկիզբ առնելով Տոկիոյում 2003 թ.՝ Պեչա-Կուչան արդեն տարածվել է 1,100-ից ավելի քաղաքներում՝ 2010թ. ժամանելով Երևան։